Դիարբեքիրի Սուր շրջանում 11 անչափահաս դատապարտվել է 36 տարվա ազատազրկման

15:30 • 24.06.17

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի պատմական Սուր շրջանում 2015թ.-ին տեղի ունեցած թուրք-քրդական բախումների ժամանակ զինվորների կողմից բացված հումանիտար միջանցքներով Սուրից դուրս եկած 11 անչափահաս դատապարտվել է 36 տարվա ազատազրկման՝ քուրդ զինյալներին օգնելու մեղադրանքով, այս մասին գրում է demokrathaber.org կայքը:

11-17 տարեկան երեխաներին մեղադրանք էր առաջադրվել Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորմանն անդամակցելու համար: Դատարանը պնդել է, որ միջանցքներից դուրս գալով՝ դեռահասները կապ են հաստատել քուրդ զինյալների հետ, սնունդ և անհրաժեշտ իրեր մատակարարել նրանց:

Բացի այդ՝ մեղադրող կողմը ապացույցներ է ներկայացրել, որ երեխաների հագուստների վրա պայթուցիկ սարքեր են եղել: Ի հակառակ դրա պաշտպանող կողմը պնդում է, որ առկա ապացույցներն անբավարար են:

Երեխաները դատարանում պաշտպանական ճառ են ներկայացրել քրդերենով: Վերջիններս իրենց մեղքը չեն ընդունել:

Թուրք-քրդական բախումների հետևանքով խոշոր ավերածությունների ենթարկված Սուրի շրջանում ռազմական գործողություններից տուժել է ավելի քան 40.000 խաղաղ քաղաքացի: Հիշեցնենք, որ Սուրում թուրքական հատուկ ուժերի գործողությունները սկսվել էին 2015թ.-ի սեպտեմբերի 6-ին և ավարտվել 2016թ.-ի մարտի 10-ին: Սուրի աղետի պատճառով ավերվել է շրջանի շուրջ 29.000 թաղամաս: