Ադրբեջանի նոր ռազմարդյունաբերական արտադրամասերը պետք է մտահոգեն ՀՀ-ին, բայց առավել մտահոգիչ է այլ պետություններից զենքերի ձեռքբերումը. վերլուծաբան
Ադրբեջանի նոր ռազմարդյունաբերական արտադրամասերը ինչ-որ առումով պետք է մտահոգիչ լինեն Հայաստանի համար, բայց առավել մտահոգիչ է այն, որ Ադրբեջանը մեծ հզորության զենքեր է ձեռք բերում այլ պետություններից: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ռազմինֆո» լրատվական կայքի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը:
«Բնականաբար, սա պետք է ինչ-որ առումով մտահոգիչ լինի Հայաստանի համար, բայց ոչ մոտ ապագայում: Վտանգավոր է, որ Ադրբեջանն ինքնաբավ են դառնում, բայց դա մեկ-երկու տարվա գործ չէ, տարիներ կպահանջվի, որպեսզի իրենք կարողանան արտադրությունը զարգացնել»,- նշեց Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարությունը Շիրվանում նոր գործարան է բացել, որտեղ նռնականետի մասեր են արտադրվելու:
Նռնակը, ըստ վերլուծաբանի՝ այդքան էլ մեծ ռազմավարական նշանակություն ունեցող զինամթերք չէ: Ադրբեջանը ավելի մեծ հզորության զենքեր է ձեռք բերում այլ պետություններից, ինչը ավելի մտահոգիչ է:
Հովհաննիսյանի խոսքով՝ վերջին տարիներին Ադրբեջանը բավականին զարգացնում է իր ռազմաարդյունաբերությունը: Մինչ նռնականետի արտադրամասը բացելը, Ադրբեջանում արտադրվում էր ականանետերի ականներ:
«Դեռ վաղ է ասել, թե Ադրբեջանը կկարողանա՞ բավարարել իր բանակի պահանջները, որովհետև չգիտենք ի՞նչ որակի, ի՞նչ քանակության նռնակներ կկարողանան արտադրել: Թեև նախնական տվյալներ հայտնում են, բայց դա միշտ չէ, որ իրականություն է դառնում»,- նկատեց նա:
Ադրբեջանում ռազմաարդյունաբերության նախարարությունը գործում է 2005 թ.-ից: Հարցին, թե Հայաստանը պե՞տք է նման նախարարություն ունենա, վերլուծաբանը պատասխանեց. «Չեմ կարող ասել կոնկրետ նախարարություն պետք է, թե ոչ, բայց ինչ-որ մարմին, որը հստակ պետք է կոորդինացնի ռազմաարդյունաբերությունը, բնականաբար, պետք է»:
«Հայաստանը նույնպես պետք է զարգացնի իր ռազմաարդյունաբերությունը և դա պետք է կապ չունենա Ադրբեջանը ռազմաարդյունաբերական գործարան հիմնեց, թե ոչ: Անկախ նրանից թե Ադրբեջանը ինչ է անում, Հայաստանը պետք է աշխատի իր ռազմաարդյունաբերությունը զարգացնելու ուղղությամբ»,- ասաց Հովհաննիսյանը:
Նրա կարծիքով՝ վերջին տարիներին ռազմաարդյունաբերության զարգացման համար Հայաստանում աշխատանքներ տարվում են, բայց դրանք դեռևս բավարար չեն: Ըստ նրա՝ եթե Հայաստանի ռազմական արդյունաբերությունը այս տեմպերով շարունակի զարգանալ, միգուցե, կարողանա ինքնաբավության ինչ-որ աստիճանի հասնել:










