Վենեսուելայի խորհրդարանի վրա հարձակում է իրականացվել. կան վիրավորներ

11:52 • 24.06.17

Ուրբաթ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ենթադրյալ աջակիցների խումբը հարձակվել է խորհրդարանի շենքի վրա, ինչի հետևանքով վիրավորվել է չորս մարդ, հասցվել է նյութական վնաս: Այդ մասին հայտնել է ընդդիմության կողմից վերահսկվող երկրի Ազգային ժողովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Խորհրդարանը հանդես է գալիս Մադուրոյի կառավարության գործողությունների դեմ, մասնավորապես՝ Սահմանադրությունում փոփոխությունների մշակման համար հուլիսի 30-ին նախանշված հիմնադիր ժողովի գումարման դեմ:


«Խորհրդարանի բուժօգնության ծառայություն է դիմել չորս վիրավոր աշխատակից»,- ասված է հաղորդագրությունում:


Խորհրդարանի աշխատակիցները խաղաղ բողոքի ակցիա էին անցկացնում խորհրդարանի մոտ՝ հիմնադիր ժողովի գումարման դեմ, երբ նրանց վրա հարձակում է իրականացվել, ասված է Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունում: Փայտերով և քարերով «զինված» մարդկանց խումբը փորձել է նաև կոտրել շենքի գլխավոր մուտքի դուռը:


Վենեսուելայում ապրիլի սկզբից բողոքի զանգվածային ակցիաներ են սկսվել, երբ Գերագույն դատարանը որոշել է սահմանափակել ընդդիմադիր Ազգային ժողովի իշխանությունը: Որոշումը շուտով չեղյալ է հայտարարվել, սակայն ընդդիմության ներկայացուցիչները փողոց են դուրս եկել՝ պահանջելով դատարանի անդամների պաշտոնանկությունն ու արտահերթ ընտրությունների անցկացում: Նրանք նաև բողոքում են հիմնադիր ժողովի գումարման դեմ՝ դա համարելով Սահմանադրությունը փոփոխելու փորձ: Ապրիլից ի վեր Վենեսուելայում ցույցերի հետևանքով 75 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են և ձերբակալվել: