Թբիլիսիի ճանապարհին վթարի է ենթարկվել ուղևորներով լի Երևան-Մոսկվա ավտոբուսը. կան տուժածներ (թարմացված)

13:02 • 25.06.17

13.49

Ժամը 13:04-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից նախնական տեղեկություն է ստացվել, որ ՃՏՊ-ն տեղի է ունեցել Մառնեուլ-Թբիլիսի ավտոճանապարհին՝ Տսալասկուրի գյուղի մոտակայքում, և ավտոբուսի ուղևորներից կան տուժածներ՝ Մարգարիտա Մարտիրոսյան (60 տ), Բարբարա Պետրոսյան (60 տ) և Մարգարիտա Կիրիևա (78 տ):

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից՝ հավելելով, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

_________________________________________________

13:02

Թբիլիսի-Գարդաբանի ավտոճանապարհի 35-րդ կմ-ին Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող «Scania» մակնիշի 97 DT 777am պետհամարանիշով ավտոբուսը, որը վարել է  Ա. Հ.-ն, բախվել է «Nissan Tiida» մակնիշի IL100KA պետհամարանիշով ավտոմեքենային, ում վարորդն ազգությամբ վրացի Էթերի Գավաշելիշվիլիին է:

Այս տեղեկությունն այսօր՝ հունիսի 25-ին, ժամը 11:08-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկացել է ՀՀ ԱԻՆ-ը, հավելելով, որ կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն:

Դեպքին ականատես է եղել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը: Վերջինս Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ վթարի վայրում եղել է դեպքից մեկ ժամ անց, բարեբախտաբար, զոհեր չկան:


«Ավելի շատ շոկային իրավիճակ էր, քան ֆիզիկական վնասվածքներ ստանալու: Կողաշրջված ավտոբուսը լիքն էր ուղևորներով, վախեցած էին, սակայն պատմում էին, որ վարորդի հմտության արդյունքում խուսափել են խոշոր վթարից:

 Ըստ նախնական տեղեկությունների՝ ճանապարհային երթևեկության կանոնները խախտել է հանդիպակաց գոտուց երթևեկող վարորդը», -ասաց Ախոյանը:


Վերջինս տեղյակ չէ՝ հիվանդանոց տեղափոխվածներ կան, թե ոչ, սակայն իրենք տեղում ուղևորներին որոշակի անհրաժեշտ օգնություն ցուցաբերել են:

«Ուղևորներն այս պահի դրությամբ սպասում են երթուղին իրականացնող ընկերության կողմից ուղարկվող մեկ այլ ավտոբուսի, որպեսզի գան Երևան»,- ասաց Ախոյանը՝ հավելելով, որ տեղյակ չէ, թե որ ընկերությանն է պատկանում ավտոբուսը: