Մոսուլի Հին քաղաքի երկու երրորդն ազատագրվել է ԻՊ-ից. իրաքցի հրամանատար

19:15 • 25.06.17

Իրաքյան ուժերն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից ազատագրել են Մոսուլի Հին քաղաք թաղամասի երկու երրորդը մեկշաբաթյա գրոհների արդյունքում:  

Ինչպես հայտնում է Agence France Presse-ը, այս մասին կիրակի հայտարարել է զորքերի հրամանատարներից, գեներալ-լեյտենանտ Ալամ ալ-Օբեյդին` նշելով, որ Հին քաղաքը իսլամիստների վերջին հենակետն է Մոսուլում: 

Գեներալ-լեյտենանտի խոսքով` Հին քաղաքի ներսում ավերածություններ են տիրում, որտեղ 4 օր առաջ ջիհադականները պայթյուններ են իրականացրել: Նա նշել է, որ թաղամասի 65-70 տոկոսն ազատագրված է, մնացել է մեկ քառ. կմ տարածք, որը դեռևս գտնվում է իսլամիստների վերահսկողության տակ:

Հիշեցնենք, որ ինչպես հաղորդվում էր նախօրեին, իրաքյան ուժերին հաջողվել է ճանապարհ բացել հարյուրավոր խաղաղ բնակիչների համար, որոնք ցանկանում էին հեռանալ Հին քաղաքից: