ՊՆ մեքենայի կողաշրջման հետևանքով տուժած 14 զինծառայողներից բոլորի մոտ էլ կա դրական դինամիկա. Կ. Խաչատրյան
Հունիսի 24-ին՝ ժամը 08:31-ին, Մ-14 ավտոճանապարհի Վարդենիս-Շորժա հատվածի 25-րդ կմ-ին ՊՆ պետհամարանիշներով մեքենայի կողաշրջման հետևանքով տուժած 14 զինծառայող ուղևորներից բոլոր 8-ի առողջական վիճակի դրական դինամիկա է արձանագրվել՝ ներառյալ այն 2-ի, որոնց վիճակը ծանր էր գնահատվում:
Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը՝ նշելով, որ պայմանագրային զինծառայողները դեռևս դուրս չեն գրվել հիվանդանոցից:
«Պայմանագրային զինծառայողները բոլորն էլ դեպի լավն են գնում, դրական դինամիկա է, մյուս երկուսի մոտ էլ, որոնց վիճակն առավել ծանր էր, նրանց մոտ էլ. մեկինը, որ սրունքի կոտրվածք ուներ, նրան որոշ ժամանակ անց կվիրահատեն, մեկն էլ գլխի վնասվածք ուներ, մի քիչ ոսկրի տեղաշարժ կա, ունի թույլ հեմատոմա, եթե անհրաժեշտ լինի՝ կվիրահատենք»:
Հիշեցնենք, որ ՊՆ զինծառայողները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին նախ Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները 7 տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուս 7-ինը՝ միջին ծանրության, ապա տեղափոխել Մուրացանի զինվորական հոսպիտալ:










