Արցախի միջազգային մեկուսացմանը դեմ գնալու մեծ քայլ է. ՀԲԸՄ-ի ներկայացուցիչը՝ «Մենք ցանկանում ենք Եվրոպան ԼՂ-ում» կոչի մասին

22:55 • 26.06.17

Լեռնային Ղարաբաղում ներգրավվելու և ԼՂ- ի ժողովրդին օգնություն տրամադրելու համար մեկնարկած ստորագրահավաքը, որն ուղղված է Եվրոպային,  բացառիկ է, քանի որ այն ընդգրկել և ընդգրկում է եվրոպական կառույցների պաշտոնյաների, եվրոպական հասարակական կարկառուն դեմքերի, փաստաբանների, գրողների, պատմաբանների և այնպիսի մարդկանց, ովքեր իրենց իսկ սոցիումի որոշումներ կայացնողներն են․Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց ստորագրահավաքը նախաձեռնող Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության եվրոպական գրասենյակի ներկայացուցիչ Տաթև Մանուկյանը:

«Իհարկե, արդյունք այս պահին կանխատեսել շատ վերացական կլիներ, բայց սա արդեն իսկ մեծ քայլ է Արցախի միջազգային մեկուսացմանը դեմ գնալու և ինչու չէ՝ Արցախի միջազգային ճանաչման մի փոքր հիմնաքար հանդիսանալու համար»,- ասաց նա՝ նշելով, որ ստորագրահավաքին միացել են Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելը, Միշել Ռիվազին, Բարթ Ստաեսը, Ջիլ Էվանսը, Պիտեր Նեյդելմյուլերը, բազմաթիվ գիտնականներ, մարդու իրավունքների ոլորտի ակտիվիստներ, դիվանագետներ և այլն: Պահանջագիրը դեռևս ստորագրել է 552 օգտատեր:

Հիշեցնենք, որ Հանրային պահանջագրերի change.org հարթակում Հայկական Բարեգործական Ընդհանուր միությունը նախաձեռնել էր «Մենք ցանկանում ենք Եվրոպան Լեռնային Ղարաբաղում» (We Want Europe in Nagorno-Karabakh) խորագրով ստորագրահավաք: Պահանջագրում նշվում էր, որ Խորհրդային միության փլուզումից հետո Լեռնային Ղարաբաղի հանդեպ Ադրբեջանը վարում է մեկուսացման քաղաքականություն:

Այստեղ շեշտվում էր նաև, որ ԼՂ մեկուսացումը բացառիկ է, քանի որ ԵՄ-ն օժանդակություն է ցուցաբերում աշխարհի 150 երկրների, այդ թվում՝ չճանաչված պետությունների Աբխազիային, Մերձդնեստրին և Հյուսիսային Կիպրոսին՝ անկախ նրանց կարգավիճակից: Այս քաղաքականությունը բնութագրվում է որպես «ներգրավում առանց ճանաչման»:

Պահանջագրում կոչ է արվում ԵՄ-ին Լեռնային Ղարաբաղում իրականացնել բնակչության կենսապայմանների բարելավմանն ուղղված ծրագրեր: «Կոչ ենք անում Եվրոպային ներգրավվել Լեռնային Ղարաբաղում, քանի որ այն պետք է ներկա լինի և աջակցի խաղաղությանը՝ թույլ չտալով հակամարտության սրում իր դարպասների մոտ»:

Տաթև Մանուկյանը նշեց, որ պահանջագրին միացած ստորագրություններով սեպտեմբերին արդեն իրենք պատրաստվում են Եվրախորհրդարանում կոնֆերանս կազմակերպել՝ բարձրացնելու Արցախում եվրոպական ինստիտուտների ներգրավվածությունն Արցախում: