Հունիսի 16-ին թշնամու գնդակից գլխի շրջանում հրազենային վիրավորում ստացած Յուրի Զաքարյանը թեթև գիտակցություն ունի
Լեռնային Ղարաբաղում հունիսի 17-ին հակառակորդի կողմից գլխի հրազենային թափանցող վիրավորում ստացած զինծառայող Յուրի Զաքարյանի առողջական վիճակում վերջին օրերին դրական մեծ տեղաշարժ է գրանցվել. նա արդեն կարողանում է ինքնուրույն շնչել և «թեթև գիտակցություն ունի»:
Tert.am-ին այս մասին հայտնեց Մուրացանի զինվորական հոսպիտալի պետի տեղակալ Արտաշես Խաչատրյանը՝ մանրամասնելով. «Արդեն կատարում է տարրական հրահանգները՝ ձեռքը շարժել և այլն, թեթև գիտակցություն ունի, ու թեև շնչառության ապարատը չենք անջատել, ինքն արդեն ինքնուրույն է շնչում»:
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում հունիսի 17-ին հակառակորդի կողմից գլխի հրազենային թափանցող վիրավորում ստացած զինծառայող Յուրի Զաքարյանն ուներ գլխի շրջանում բեկորային մեծ վնասվածք և նրա վերաբերյալ բժիշկները հարազատներին հայտնել էին, որ միայն 3-4 օրից պարզ կդառնա՝ դրակա՞ն, թե բացասական դինամիկա կա:
Այս պահին, ըստ Արտաշես Խաչատրյանի, բժիշկները նրան վիրահատելու անհրաժեշտություն չեն տեսնում, բայց չբացառեց, որ հետագայում, հնարավոր է՝ պետք լինի:
Հունիսի 16-ին վիրավորված և ուղղաթիռով Երևան՝ նույնն հիվանդանոց տեղափոխված ժամկետային զինծառայող Արմեն Վարդանյանն էլ արդեն հիվանդասենյակ է տեղափոխվել:
Հիշեցնենք, որ նույն օրը թշնամու նախահարձակ գործողությունների հետևանքով մահացու վիրավորումներ էին ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (1997թ. ծնվ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (1997թ. ծնվ.), Վարդան Ծովակի Սարգսյանը և Նարեկ Գասպարյանը:










