Մեղքի զգացում եմ ունեցել «Հաց բերողի» մահվան հարցում, և որտե՞ղ է դատախազությունը թերացել. Լ. Ալավերդյանի հարցը՝ դատախազության ներկայացուցչին (տեսանյութ)

14:24 • 26.06.17

Մի շարք ՀԿ-ների կողմից «Անպատժելիության դեմ պայքար և խոշտանգումների զոհերի վերականգնման իրավունք-2017» խորագրով քննարկմանը դատախազության ներկայացուցիչ Կարեն Բիշարյանն անդրադարձավ անցած տարի ամռանը՝ հուլիսին «Սասնա ծռեր» խմբի գործունեության հետևանքով տեղի ունեցած իրադարձություններին:

Նա հայտնեց, որ 2016 թվականի հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ ներկայումս Հատուկ քննչական ծառայությունում քննվում է 2 քրեական գործ, և դրանցից մեկն ընդգրկում է Խորենացի փողոցում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ կատարված գործողությունները, և մի քանի հոդվածներով քրեական գործ է հարուցվել:

«Ներկա պահին մենք ունենք 7 դատապարտված քաղաքացիներ՝ լրագրողների գործունեությանը խոչընդոտելու համար, և մեկ անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ քրեական գործը դատախազությունում է»,-ասաց նա և նշեց, որ 7 դատապարտվածներից չորսը դատապարտված են ազատազրկման:

Ինչ վերաբերում է նրան, որ որևէ ոստիկան որպես մեղադրյալ չի ներգրավվել կամ քրեական հետապնդում հարոցված չէ, Կարեն Բիշարյանն ասաց որ քրեական գործով նախաքննությունը ավարտված չէ, և քրեական գործ հարուցվել է նաև ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ իրենց պաշտոնական լիազորությունները անցնելու դեպքի առթիվ:

Նա հայտնեց, որ մյուս քրեական գործն ընգրկում է Սարի թաղում տեղի ունեցած իրադարձությունները: Ըստ նրա՝ վաղ է գնահատական հնչեցնել, թե քրեական գործերը տեղից չեն շարժվել, քանի որ քննությունը դեռևս ընթացքի մեջ է:

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը հարցրեց, թե դատախազության ներկայացուցիչը տեսնո՞ւմ է արդյոք Գլխավոր դատախազության գործունեության որևէ թերացում, մասնավորապես Արթուր Սարգսյանի` «Հաց բերողի» մահվան հարցում:

«Ես ինքս մեղքի զգացում եմ միշտ ունեցել, դա աննախադեպ էր Հայաստանի համար: Որտե՞ղ է, որ Գլխավոր դատախազությունը թերացել է»,-հարցրեց նա:

Դատախազության ներկայացուցիչն ասաց, որ Արթուր Սարգսյանի գործի վերաբերյալ կա հարուցված քրեական գործ, և քննությունն իրականացվում է: «Եթե ակնկալիքն այն է, որ կոնկրետ այդ գործով որևէ մեկի թերացման կամ մեղավորության գնահատական հնչեցնեմ, այդ իրավունքը ես չունեմ, քանի որ եթե նման բան ասեմ, դա ընդամենը կարծիք կլինի, որից ես կխուսափեմ»,-ասաց նա:

Ի դեպ Լարիսա Ալավերդյանը տեղեկացրեց, որ թեև քննարկմանը հրավիրված էին եղել ոստիկանության, այլ պետական կառույցների ներկայացուցիչներ, սակայն չէին ներկայացել, ինչն ըստ նրա արդեն խոսում է «մեղքի զգացման մասին»: