Նյու Յորքում 14-ամյա աղջիկը ցատկել է ավելի քան 8 մ բարձրության վրա խափանված կարուսելից (տեսանյութ)
Նյու Յորքում հոսպիտալացվել է ավելի քան 8 մ բարձրության վրա խափանված կարուսելից ցած նետված 14-ամյա աղջիկը, որի վիճակն այժմ կայուն է գնահատվում:
Ինչպես նշում է The Guardian-ը, հրապարակված տեսանյութում երևում է՝ ինչպես է դեռահասը բարձրությունից ընկնում ներքևում կանգնածների գիրկը:
Աղբյուրը մանրամասնում է, որ աղջկան որսացել են 47-ամյա Մեթյու Հովարդն ու նրա 21-ամյա դուստրը՝ Լիեն Ուինչելը:
Հովարդի խոսքով՝ ինքն արդեն լքում էր ժամանցային այգին, երբ լսել է աղջկա օգնության ճիչը: Վեր նայելով՝ տղամարդը տեսել է ավելի քան 8 մ բարձրության վրա արգելափակված աղջկան, որի կողքին նստած է եղել կրտսեր եղբայրը: Տղան հեծկլտում էր ու բղավում, որ այլևս չի կարողանում բռնել քրոջը:
Դա տեսնելով՝ Հովարդն ու նրա աղջիկը ճիշտ դիրք են զբաղեցրել կարուսելի տակ ու աղջկան խնդրել ցած նետվել:
«Ես նրան խնդրեցի, որ չվախենա, հանգիստ նետվի ու ես նրան կբռնեմ: Չէի կարող թույլ տալ, որ աղջիկը մահանար: Մյուսները չէին ցանկանում վտանգել իրենց ու բռնել աղջկան, բայց ես չէի կարող անտարբեր մնալ: Մենք պարզապես հայտնվեցինք ճիշտ պահին՝ ճիշտ վայրում»,-մեկնաբանել է տղամարդը:










