Անկարան խոստացել է G20-ի գագաթնաժողովին չբերել Վաշինգտոնում ցուցարարների վրա հարձակված Էրդողանի թիկնազորի անդամներին. Գերմանիայի ԱԳՆ

15:46 • 26.06.17

Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հուսով է, որ Թուրքիայի նախագահի թիկնապահները, որոնց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա հարձակումից հետո, թուրքական պատվիրակության կազմում չեն ժամանի G20-ի՝ «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին: Այդ մասին Բեռլինում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը, հայտնում է ТАСС-ը:


«Անկարայից ստացված տեղեկատվության լույսի ներքո, մենք ելնում ենք նրանից, որ Վաշինգտոնի միջադեպին մասնակցած անձինք չեն ուղեկցի Թուրքիայի նախագահին Համբուրգ այցի ժամանակ»,- ասել է նա:


Ընդ որում՝ Շեֆերը չի հերքել ավելի վաղ ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությունն առ այն, որ Գերմանիայի իշխանությունները պահանջել են Անկարայից չներառել պատվիրակության կազմում հետախուզվող թիկնապահներին:


Միևնույն ժամանակ, նա վստահեցրել է, որ Բեռլինը «հոգ կտանի, որ վեհաժողովի ժամանակ, ինչպես և այլ միջոցառումների ընթացքում, օտարերկրացի հյուրերը կարողանան ունենալ սեփական թիկնապահները»: ԱԳՆ-ի ներկայացուցիչը հավելել է, որ Բեռլինը նույն բանն է ակնկալում նաև այլ երկրներից:


Հիշեցնենք, որ մայիսին Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտակայքում Էրդողանի ԱՄՆ այցի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների խումբը հարձակման էր ենթարկվել էրդողանամետ խմբերի կողմից։ The Washington Post-ի հաղորդմամբ՝ տեղի ունեցած բախումների հետևանքով ինը մարդ էր վիրավորվել, նրանք տեղափոխվել էին հիվանդանոց:


Սպիտակ տանն Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման ընթացքում անցկացված ցույցը կազմակերպել էին մի շարք կազմակերպություններ, որոնց թվում են եղել նաև Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը և Ամերիկյան հելենական խորհուրդը: Ցույցին մասնակցել են մի շարք այլ խմբեր, որոնց թվում են եղել հայկական, հունական, քրդական և ասորական համայնքների ներկայացուցիչներ: Ինչպես Facebook-ի իր էջում գրել էր Հայ դատի ամերիկյան հանձնախումբը, քուրդ, եզդի և հայ ցուցարարների վրա հարձակված Էրդողանի աջակիցները, դեպքի վայրից տեղեկությունների համաձայն, պարզապես ցուցարարներ չէին, այլ հատուկ պատրաստություն անցած անձինք, որոնք եղել են Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության ծառայությունից:


ԱՄՆ իշխանությունները ձերբակալության օրդեր են տրամադրել Էրդողանի 12 թիկնապահի համար: