ԱԺ-ն քննարկում է 2016 պետբյուջեի կատարողականը. վարչապետը կարճատև ելույթից հետո հեռացավ
ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկման է դրվել «ՀՀ 2016 պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Քննարկմանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով կարճատև, շուրջ 3 րոպե նախաբան ներկայացնելուց հետո հեռացավ:
Կարեն Կարապետյանը մատնանշեց հաշվետվության ուղղությունները՝ մակրոմիջավայր, պետական բյուջեի կատարման գործընթաց և հաշվետու տարում հիմնական սոցիալ-քաղաքական ուղղությունները: Վարչապետը նշեց, թե արձանագրված արդյունքները կներկայացնի Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Ըստ վարչապետի՝ Կառավարությունը հետևողական աշխատում է ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրման ուղղությամբ:
«Վերջինս ենթադրում է, որ կատարողականները պետք է ներկայացվեն աստիճանաբար, արդյունքային ցուցանիշներին ավելի մեծ շեշտադրումներ դնելով, այլ կերպ ասած պետք է ուշադրություն դարձնել ոչ թե այն բանին, թե որքան ֆինանսական միջոցներ են ծախսել, այլ ինչ արդյունքներ են արձանագրվել այդ միջոցների ծախսից»,-ասաց նա և հավելեց, թե, հետևաբար, ոլորտային քննարկումների ժամանակ նախատեսում են շարունակել քննարկումները այս տրամաբանությամբ:
Կարեն Կարապետյանն ասաց, թե տնտեսության հետագա զարգացման նպատակով 2016-ից սկսվել և շարունակվում են քննարկումները, որոնք իրենց արտացոլումն են գտել վերջերս ընդունված Կառավարության ծրագրում: Նաև հավելեց, որ դրանք կարտացոլվեն միջնաժամկետ ծախսերի ծրագրում:
«Հուսով եմ, որ սպասվում են կառուցողական քննարկումներ, կոնստրուկտիվ առաջարկները կառավարությունը հաշվի կառնի իր կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրերում: Կանխավ շնորհակալ եմ և մաղթում եմ արդյունավետ քննարկում»,- մինչև վերջին տողն ընթերցեց վարչապետը և հեռացավ:










