Հարթաթաթության պատճառով շատ հազվադեպ է լինում, որ կարողանում եմ ինձ հարմարավետ կոշիկ գտնել. զինակոչիկը բարձրաձայնեց խնդիրների մասին
3-րդ աստիճանի հարթաթաթություն ունեցող զինակոչիկ Էդուարդ Մելքոնյանն այսօր ներկայացել էր ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողով: Էդուարդ Մելքոնյանին ծառայության համար պիտանի են ճանաչել, սակայն նա այսօր ահազանգեց, թե բժիշկների հետազոտությունները թերի են: Ըստ դիմումին կցված բժշկական հետազոտությունների՝ ունի 3-րդ աստիճանի հարթաթաթություն, երկու մատների սերտաճում՝ վիրահատության կարիքով:
«Ես ուսումնասիրել եմ օրենքն ու հրամանի 43 Բ հոդվածով գրված է, որ իմ ախտորոշմամբ ես պիտանի չեմ ծառայության: Իսկ հարթաթաթության պատճառով շատ հազվադեպ է լինում, որ կարողանում եմ ինձ հարմարավետ կոշիկ գտնել: Բացի սա, ոտքս մի խնդիր էլ ունի՝ կարող է նյարդս թուլանա ու հատակին քսվի»,- ավելացրեց Մելքոնյանը:
Հանձնաժողովը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ զինակոչիկը չի դիմում վիրահատական միջամտության. նա պատասխանեց, թե 2 մատների սերտաճումն իրեն այդքան չի խանգարում, որքան հարթաթաթությունը: Տեղում զինակոչիկին ստուգելուց հետո հանձնաժողովի անդամները եզրակացրին, թե բժշկական հետազոտությունների եզրակացությունները թերի են վերջնական որոշում կայացնելու համար, քանի որ նշված չէ, թե զինակոչիկի քայլքի ֆունկցիան որքանով է խաթարված:
«Մենք կմիջնորդենք, որ դուք զինկոմիսարիատում լրացուցիչ բուժզննության ենթարկվեք: Այդ հետազոտության եզրակացությունից հետո նոր վերջնական որոշում կկայացնենք»,- հանձնաժողովի որոշման մասին բարձրաձայնեց նախագահ Գեղամ Հարությունյանը:
Զինակոչիկ Վարդան Գալստյանի ծնողներն էլ այլ խնդրանքով էին եկել՝ միջնորդել իրականացնել կրկնակի հետազոտություն, որովհետև որդին ծնկի սուր ցավեր ունի:
«Ես պարապում էի, բայց պարապմունքներս էլ կիսատ թողեցի, որովհետև հիմա ծունկս շատ է ցավում, չեմ կարողանում պպզել: Քայլելուց էլ միշտ ճտում են ոսկորներս»,- պատմեց Գալստյանը:
Զինակոչիկ Վարդան Գալստյանի հայրն էլ հավելյալ ասաց, որ որդին «պոչուկի կիստա» ունի: Հանձնաժողովի անդամներն էլ հայտարարեցին, թե ներկայացված փաստերը բավարար չեն ծառայությունից ազատելու համար, սակայն կիստայի առկայությունն անհանգստացրեց նրանց:
Հանձնաժողովի որոշումը չբավարարեց հորը, և նա հայտարարեց. «Եթե վաղը մյուս օր տղես ինվալիդ դարձավ, ո՞վ է պատասխան տալու: Ես չեմ վախենում, թող ինքը ծառայի, ես էլ ապրիլյան պատերազմին գնացել եմ, մասնակցել: Մի տղես Քելբաջար է ծառայում, Օմարի լեռնանցքի պոստերում, ես չեմ վախենում իր համար, բայց հիմա, որ էս տղուս ոսկորը մաշվի, ինվալիդ դառնա, ի՞նչ ենք անելու»,- ահազանգեց տղայի հայր Արգիշտի Գալստյանը՝ հավելելով, որ եթե ծառայելու է, ապա թող գոնե եղբոր մոտ լինի:
Ի վերջո, հանձնաժողովը, քննելով դիմումը, որոշեց զինկոմիսարիատին ներկայացնել միջնորդություն՝ պոչուկի ուղիների բորբոքվածության առթիվ մասնագիտական ախտորոշում կայացնելու համար, որպեսզի պարզ լինի՝ վիրահատության կարիք կա՞, թե ոչ:










