Հայկազ Բարսեղյանն ինքնուրույն չէր կարող կախվել պտտաձողից. կուրսանտի սպանության գործով վկայի ցուցմունքը

14:28 • 26.06.17

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատավարությունը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ։

Այսօրվա դատական նիստին հարցաքննվեց գործով վկա Ամիրյանը, ով ի սկզբանե հայտնեց, որ դեպքից տևական ժամանակ է անցել և մանրամասները չի հիշում:

«Դեպքի օրն առավոտյան վերկացին ներս մտան կուրաստ Սերոբյանը (գործով առանցքային վկան, ով գտնվում է արտերկրում – խմբ.) ու Բաղրամյան Կարենը: Նրանք ասացին, որ շուտ գնում ենք մյուս սենյակ։ Գնացինք, տեսանք, որ Հայկազ Բարսեղյանի մահճակալն արյունոտ է: Դրանից հետո բոլորս սկսեցինք փնտրել Հայկազին: Նրան գտանք սպորտհրապարակում՝ արդեն կախված վիճակում: Չեմ հիշում, թե որ պտտաձողից էր կախված, բայց պտտաձողը բարձր էր: Մեզ չթողեցին մոտենալ»,-ասաց վկան:

Մեղադրող դատախազի հարցին, թե երբևէ տեսե՞լ է, որ Հայկազ Բարսեղյանը նշված պտտաձողից կախվի, այսինքն՝ նա կարողանո՞ւմ էր այդ պտտաձողից ինքնուրույն կախվել, վկան ասաց. «Չէ, ես չեմ տեսել, որ ինքնուրույն բարձրանար»:

Այնուհետև վկան պատմեց, որ դասերի ընթացքում լսել է, որ գործով չորս ամբաստանյալներին՝ Նորիկ Սահակյանին, Վաչե Սահակյանին, Գնել Թևոսյանին և Մովսես Ազարյանին տարել են, և նրանք են սպանություն կատարել. «Այդպես եմ հիշում»:

Ինչ վերաբերում է դեպքին նախորդող օրվան՝ 2015-ի հունվարի 28-ին, վկան ասաց, որ գնացել են եկեղեցի, որտեղից էլ Օպերա՝ տոնական համերգի:

«Դեպքին նախորդող օրը ճաշարանում ուտելու հետ կապված Հայկազ Բարսեղյանը նկատողություն արեց Կարեն Բաղմանյանին: Կուրսանտներից Վաչե Սահակյանը հետաքրքրվեց, թե ինչու են վիճաբանում: Հետո այդ խոսակցությունը շարունակվեց Հայկազի սենյակում, ինչի ավարտից հետո, այնպիսի տպավորություն էր, որ ամեն ինչ հարթված է: Ժպտաց Վաչե Սահակյանը, ես այդպես հասկացա»,-ասաց Ամիրյանը:
 
Դատախազի հարցին,թե ինչպես կբնութագրի Հայկազ Բարսեղյանին, վկան ասաց. «Հայկազ Բարսեղյանը բոլորի հետ էր շփում ուներ, ես չեմ տեսել, որ ինքը մի կուրսատի ինչ-որ բան ասեր, երևի թե միակը Կարեն Բաղրամյանի հետ միջադեպն է եղել: Հայկազն ուրախ էր, ընկերասեր, լավ էր սովորում»:

Մեղադրողի հարցին, թե ապագայի հետ կապված պլաններից կամ ինքնասպանության մասին Հայկազ Բարսեղյանը երբևէ խոսե՞լ է, վկան բացասական պատասխան տվեց:

Վկան ասաց, որ միայն խոսակցություններ են տարածվել, որ Հայկազ Բարսեղյանը դեպքի նախորդ օրն ասել է՝ «վաղը 100 տոկոսով այնտեղ չի լինի»:

Պաշտպանական կողմի հարցին, թե երբ է եղել այդ խոսակցությունը՝ դին հայտնաբերելուց առա՞ջ, թե հետո, վկան ասաց, որ չի հիշում, բայց այլ կուրսանտներ ևս եղել են ննջասենյակում այդ խոսակցության ժամանակ:

Հիշեցնենք, որ ըստ քրեական գործի մեղադրական եզրակացության՝ Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին,Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ 24236 զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձնակի դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադի Բարսեղյանին: 

Վարազդատ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ 24236 զորամասի 1 գումարտակի 2-րդ վաշտի 1-ին մարտկոցի կուրսանտ, 2014թ. նոյեմբերի 16-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, նույն մարտկոցի կուրսանտ Տ. Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց և վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո, Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով, խախտելով ՀՀ ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդվածը, ծեծի են ենթարկել Մանասերյանին, բացի այդ, 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայակից Արտուշ Սիմոնյանին: