Նորիկը,Վաչեն,Գնելն ու Մովսեսը մարտկոցի դեմքերն էին ու հարց լուծողները. կուրսանտի սպանության գործով վկան՝ ամբաստանյալների մասին
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատավարությունը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ։
Այսօրվա դատական նիստին հարցաքննվեց գործով վկա Ամիրյանը, ով ասաց, որ Հայկազ Բարսեղյանն ընկերասեր ու լավ սովորող տղա է եղել: Նրա խոսքով՝ 2015 թվականի հունվարի 29-ի առավոտյան մտել են 408 սենյակ, որտեղ Հայկազ Բարսեղյանի անկողինը հայտնաբերել են արյունոտ, հետո փնտրել են նրան և գտել սպորտհրապարակում՝ պտտաձողից կախված:
Մեղադրող դատախազի հարցին,թե Հայկազ Բարսեղյանը կարո՞ղ էր ինքնուրույն կախվել պտտաձողից, որքա՞ն էր բարձրությունը, վկան պատասխանեց, որ չէր կարող, ինքը Հայկազ Բարսեղյանին երբևէ չի տեսել այդ ձողից կախված:
Հրապարակվեց նաև վկայի նախաքննական ցուցմունքը, որովհետև մեղադրող դատախազը միջնորդություն ներկայացրեց, որ վկայի նախաքննական ցուցմունքում և դատարանում ասածների մեջ հակասություններ կան:
«Մասնավորապես, նախաքննականում Ամիրյանը նշել է, թե 408 սենյակում ում հետ է հանդիպել ու ինչ են զրուցել, այլ անձանց անուններ ևս նշել է, թե ովքեր են կանչել Վաչե Սահակյանին: Բացի այդ, վկան նախաքննական ցուցմունքում նշել է Տիգրան Մանասերյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին, սակայն դատարանում այդ մասին չխոսեց: Բացի այդ՝ հակասություն կա ամբաստանյալների հետ շփման նկարագրում»:
Վկան իր նախաքննական ցուցմունքում գործով ամբաստանյալներից չորսին նկարագրել էր հետևյալ կերպ. «Վաչեն ու Մովսեսը լավ հարաբերություններ են ունեցել, Վաչեն մի փոքր մարդկային էր, երբ Մովսեսն անիմաստ ծաղրում էր կուրսանտներին, իրեն լավ էր զգում, Վաչեն միջամտում էր, նա լուրջ բնավորություն ուներ։ Գնելի հայրը զորամասի հրամանատարի տեղակալներից էր ու այդ պատճառով իրեն ցինիկ էր պահում։ Նորիկը լավ էր սովորում, ավելի շատ շփվում էր Գնելի հետ, և անում էր այն, ինչ ասում էր Գնելը։ Վաչեն, Նորիկը, Գնելն ու Մովսեսը մարտկոցի դեմքերն էին ու հարց լուծողները։ Տիգրան Մանասերյանի ծեծի հետ կապված Մանասերյանին հարվածել են,սակայն ինքը միայն պաշտպանվել է»։
Պտտաձողից կախվելու վերաբերյալ վկան իր նախաքննական ցուցմունքում նշել էր, որ Հայկազ Բարսեղյանը ցածրահասակ է եղել և ինքնուրույն չէր կարող հասնել պտտաձողին. «Անձամբ ես մի քանի անգամ գրկել եմ նրան և բարձրացրել, որպեսզի հասնի այդ պտտաձողին»։
Նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո վկան ասաց, որ նախաքննության փուլում ճշմարտությունն է հայտնել, իսկ այսօրվա հարցաքննության հետ հակասությունները պայմանավորված են չհիշելով։ Մեղադրող դատախազի հարցին,թե ինչու է նախաքննական ցուցմունքում նշել,որ Վաչե Սահակյանին կանչել են Նորիկ Սահակյանն ու Սամվել Սերոբյանը, սակայն դատարանում հայտնեց, որ Վաչե Սահակյանին սենյակից կանչել են Կարեն Բաղրամյանն ու Սամվել Սերոբյանը, վկան պատասխանեց, որ պնդում է նախաքննական ցուցմունքում ասածը, որովհետև այդ ժամանակ ավելի մանրամասն է պատմել. «Այժմ չեմ հիշում մանրամասները»։
Դատախազի հարցին, թե ցուցմունքում նշված է Տիգրան Մանասերյանի նկատմամբ բռնության մասին,սակայն դատարանում վկան չասաց,Ամիրյանը պնդեց, որ նման բան եղել է, պարզապես այժմ այդ մասին նա չի հիշել։ Հիշեցնենք, որ ըստ քրեական գործի մեղադրական եզրակացության՝ Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին,Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ 24236 զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձնակի դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադի Բարսեղյանին:
Վարազդատ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ 24236 զորամասի 1 գումարտակի 2-րդ վաշտի 1-ին մարտկոցի կուրսանտ, 2014թ. նոյեմբերի 16-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, նույն մարտկոցի կուրսանտ Տ. Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց և վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո, Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով, խախտելով ՀՀ ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդվածը, ծեծի են ենթարկել Մանասերյանին, բացի այդ, 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի ենթարկել համածառայակից Արտուշ Սիմոնյանին:










