2016-ի հուլիսյան դեպքերը մեր երկիրը բոլոր առումներով 20 տարով հետ գցեցին. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)

21:18 • 26.06.17

Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով խոշտանգումների դեմ պայքարին, ասաց, որ չնայած Հայաստանում որոշ օրենսդրական նորմատիվ բազայի զարգացմանը` ոչ միայն օրենսդրական, այլ նաև իրավակիրառ առումով կան խնդիրներ:

«Անցած տարվա հուլիսի դեպքերը (նկատի ունի «Սասնա ծռեր» խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումը և դրան հաջորդած իրադարձությունները-խմբ.) մեզ բոլոր հարցերում հետ գցեց երևի երկու տասնամյակով»,-ասաց նա:

Անդրադառնալով կանանց հանդեպ բռնություններին՝ Լարիսա Ալավերդյանն ասաց, որ արդեն երկրորդ տարին է, ինչ ՄԱԿ-ը որոշում է ընդունել, որի համաձայն` ընտանեկան բռնության զոհը ևս համարվում է խոշտանգման զոհ:

«Դա տարածված բռնության ձևերից է և անպատժելիությունը թույլ է տվել այդ երևույթը տարածվի այն երկրներում որտեղ այդ երևույթը ֆիքսված չի եղել: Դիտարկելով Հայաստանում իրավիճակը, մենք տեսնում ենք, որ և՛ դիմողների թիվը, և՛ բռնությունների դաժանության աստիճանը շատ ավելին է, քան առաջ է եղել»,-ասաց նա։

Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ հնարավոր է, որ դա պայմանավորված լինի դիմողների թվի աճով, սակայն միևնույն է, նա ցավալի համարեց, քանի որ նկատեց, որ Հայաստանը միշտ պարծենում է նրանով, որ առաջինն է պետականորեն ընդունել Քրիստոնեությունը, իսկ նման երևույթները Քրիստոնեությունն ի սպառ մերժում է։

«Հասարակության հետ ավելի շատ պետք է աշխատենք, քանի որ հասարակության մեջ էլ կա դաժանության այդ սինդրոմը»,- հավելեց նա:

ՀԿ նախագահն ասաց նաև, որ ՄԱԿ-ը ուշադրություն է դարձրել նաև փախստականների հանդեպ բռնություններին` մասնավորապես սիրիահայերի խնդիրներին:

«Պետք է ասեմ, որ Հայաստանը դրականորեն տարբերվում է այդ առումով, և պատճառը այն չէ, որ նրանք հայազգի են, այլ խնդիրը մշակույթն է, կատարված աշխատանքը: Բացի այդ մենք այն երկիրն ենք, որի քաղաքացիները շարունակաբար ենթարկվում են դաժան վերաբերմունքի Ադրբեջանում»,-ասաց նա: