Օրական 500գ. հաց, ամսական 6 ձու. բանտերում սննդի չափաբաժինը նվազել է, դատապարտյալներն այն չեն ուտում
Սննդի չափաբաժինը Հայաստանի բանտերում հուլիսի 1-ից կնվազեցվի: Կառավարության որոշմամբ՝ 650 գրամ հացի փոխարեն դատապարտյալն օրական կստանա 500 գրամ հաց: 90 գրամ փափկամիսը դատապարտյալները հուլիսի մեկից կստանան ամսական 16 օր, 25 գրամ պանիրը ևս ամեն օր չեն ստանա՝ ամսական 15 օր: Ձկնամթերքը կտրվի չորս անգամ քիչ՝ 100 գրամ՝ ամսական 8 օր: Կարագի չափաբաժինը ևս պակասել է, իսկ ձուն կտրվի ոչ միայն հղիներին և այլ հատուկ կարգավիճակ ունեցողներին, այլ բոլորին՝ ամսական 6 հատ:
Այս առնչությամբ Tert.am-ը պարզաբանում խնդրեց ՀՀ արդարադատության նախարարությունից, թե ինչի հիման վրա է նման որոշում կայացվել: Արդարատադության նախարարության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց տրամադրվող սննդի բազմազանության ապահովման, բավարար սննդի և անհրաժեշտ կալորիականության պահպանման նպատակով, ինչպես նաև սննդանյութերի և էներգիայի նկատմամբ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց օրգանիզմի բավարար ֆիզիոլոգիական պահանջի նորմերը հստակեցնելու նպատակով՝ ՀՀ ԱՆ ՔԿ վարչությունը դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն, բացի այդ մշակվում է նախագիծ:
«Ի պատասխան վերը նշված գրության՝ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Հայաստանում չկան չափահաս աշխատունակ և չաշխատող անձանց համար հաստատված՝ օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջի նորմեր՝ ըստ ֆիզիկական ծանրաբեռնվածության: Նախարարությունից առաջարկել են փոփոխվող որոշումների նախագծերում ՔԿՀ-ներում պահվող անձանց տրամադրվող սննդամթերքի չափաքանակները և էներգետիկ արժեքը հաշվարկելիս հաշվի առնել հաշվեկշռված սնուցման սկզբունքները»,-հայտնեցին նախարարությունից։
Սննդի չափաբաժնի կրճատման վերաբերյալ Tert.am-ի հետ զրույցում փաստաբան Արայիկ Պապիկյանն ասաց, որ ՔԿՀ-ների սննդից գրեթե բոլոր դատապարտյալները կամ կալանավորվածները չեն օգտվում. «Դատապարտյալները գրեթե չեն օգտվում ՔԿՀ-ների սննդից, նախարարությունում լավ գիտեն, որ նախատեսված չափաքանակը տեղ չի հասնում»:
Հարցին, թե ի՞նչ պատճառով են հրաժարվում, Արայիկ Պապիկյանն ասաց, որ պետությունը գումար է հատկացնում, բայց չի հասնում կալանավորին կամ փոքր բաժին է, կամ չեն ուտում, որովհետև այդ սնունդը թույլատրելի չէ ուտելու համար՝ ժամկետանց է և այլն, հատուկ սննդակարգերը բացարձակապես բացառվում են:
«Փոխանակ սննդի որակը բարելավեն, որ դատապարտյալն ուտի, կրճատում են, թե չեն ուտում, դրա համար ծնողներն ու հարազատները սնունդ են բերում բանտեր»,-ասաց փաստաբանը:
Նույն հարցին՝ դատապարտյալների կողմից սննդից հրաժարվելու վերաբերյալ ԱՆ-ից պատասխանել են, որ դատապարտված և կալանավորված անձինք ներկայումս հաճախ հրաժարվում են տրամադրվող սննդից՝ տարաբնույթ պատճառաբանություններով՝ մասնավորապես, որ նույն օրվա ընթացքում սննդատեսակները համադրելի չեն կամ նույնատիպ են, բարձր յուղայնությամբ են և այլ:
«Ներկայումս գործող որոշմամբ սահմանված չափաբաժիններով գործնականում որոշ դեպքերում հնարավոր չի լինում պատրաստել ճաշատեսակ և ապահովել ճաշատեսակների բազմազանությունը, ինչն էլ իր հերթին առաջացնում է անազատության մեջ պահվող անձանց օբեկտիվ դժգոհություններ: Մասնավորապես, մեկ անձի համար նախատեսված 30 գրամ մակարոնեղենով գործնականում հնարավոր չէ պատրաստել ճաշատեսակ առանց այլ սննդատեսակի»,-ասվում է ԱՆ պատասխանում:










