Համացանցում է հայտնվել Կոլումբիայում 150 ուղևորով զբոսանավի խորտակման տեսագրությունը (լուսանկարներ, տեսանյութ)
Բրիտանական The Daily Mail պարբերականը հրապարակել է Կոլումբիայում 150 ուղևորով զբոսաշրջային նավի խորտակման տեսագրությունը, որում երևում է՝ ինչպես են հուսահատ մարդիկ մագլցում նավի վերնամաս՝ ջրի տակ չանցնելու համար:
Ականատեսների համաձայն՝ զբոսանավի առաջին ու երկրորդ հարկերը հաշված րոպեների ընթացքում ջրի տակ են անցել: Մինչդեռ ափի մոտ եղած մոտորանավակները շտապել են օգնության ու ուղևորների մի մասին փրկել:
Աղբյուրը մանրամասնում է, որ El Almirante զբոսանավը խորտակվել է շարժվելուց մոտ 5 րոպե հետո. միջադեպի հետևանքով մահացել է 25 մարդ: Հայտնի է, որ ուղևորները նավ նստելուց առաջ փրկարար բաճկոններ չեն ստացել:
Աղբյուրն ուշագրավ է համարում այն փաստը, որ նախկինում El Almirante-ի մասնակցությամբ 3 անգամ արտակարգ պատահար է տեղի ունեցել:
Երկրի նախագահ Խուան Մանուել Սանտոսը հայտարարել է, որ կառավարությունն ամեն ինչ կանի տուժածներին օգնելու համար:















