Ինձ էլ հասկացեք, ախր չեմ ուզում այդ աչքով բանակ գնա, աչքը կորցնի. հանձնաժողովը քննում է զորակոչիկների դիմումները
Զորակոչային տարիքի 35 տղա դիմում բողոք է գրել ամառային զորակոչի մաս չդառնալու համար՝ այս կամ այն առողջական խնդիրների պատճառով: Այս դիմումները քննվում են ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից, որ զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով է ստեղծվել: Հանձնաժողովը գործում է 2009 թվականից, իսկ այսօր հանձնաժողովի ամառային զորակոչի հետ կապված անդրանիկ նիստն էր:
Առաջինը հանձնաժողովին ներկայացավ Ազատ Պողոսյանը, որը նախորդ ձմեռային զորակոչի ժամանակ տարկետում է ստացել, քանի որ աջ աչքը վիրահատված է: Ազատ Պողոսյանի մոր խոսքով՝ տղայի աչքի հետ կապված ախտորոշվել «կեռատոկոնուս» հիվանդություն:
«Տրվել է տարկետում 5 ամիս ժամկետով, ընթացիկ զորակոչում էլ հետազոտվել է Ս. Գր. Լուսավորիչ ԲԿ-ում: Ախտորոշվել է «Աջ աչք՝ կեռատոկոնուս, 2-րդ աչքի հետ կապված կասկած կա դեռևս: Ձախ աչքը կարճատեսություն ունի՝ 1,0դ, կա ուղիղ միոպիկ աստիգմատիզմ՝ 0,5»,- ասաց մայրը՝ մեջբերելով բժշկական հաստատությունների ախտորոշումները:
Օրենսդրության համաձայն՝ Ազատ Պողոսյանը ծառայության համար պիտանի է ճանաչվել՝ սահմանափակմամբ, այսինքն՝ չծառայել բարձր լեռնային գոտիներում, զերծ մնալ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից:
Հանձնաժողովի քննարկումից հետ հանձնաժողովի նախագահ ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը հայտարարեց, թե դեպքի առնչությամբ վերջնական որոշում չկա և հորդորեց նոր բժշկական հետազոտություն անցնել՝ ձախ աչքի վիճակը վերջնական հասկանալու համար:
Սակայն Ազատ Պողոսյանի ծնողները դժգոհեցին՝ ասելով, թե որոշ բուժհաստատություններ, երբ տեղեկանում են, որ զորակոչիկ է, վախենում են վերջնական եզրակացություն տալ:
«Ռիսկ չեն անում վերջնական եզրակացություն տալ: Ծնող եմ, ինձ էլ հասկացեք, ախր չեմ ուզում այդ աչքով բանակ գնա, աչքը կորցնի: Խնդիր չկա, բայց թող վիրահատվի, նոր գնա»,- տեղից արձագանքեց Ազատ Պողոսյանի հայրը:
Հիշեցնենք, որ քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման համար Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն ՀՀ պաշտպանության նախարարին կից Հասարակական խորհրդի աշխատավայրում՝ յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերին` ժամը 10:00-ից մինչև 18:00-ն: Քաղաքացիների դիմում-բողոքներն ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին` Հասարակական խորհրդի աշխատավայրում:










