ԱՄՆ դեսպանը վերականգնվող էներգետիկ ոլորտում 8 մլրդի դոլարի ներդրման մասին խոսելով «կրակում է» ատոմակայանի ուղղությամբ. Վ. Համազասպյան
«Հայաստանի հելոֆիկացիայի ծրագրի» հեղինակ Վահան Համազասպյանը լսել է ԱՄՆ դեսպանի կողմից արված հայտարարությունը, որ ՀՀ-ում 8 մլրդ դոլարի ներդրումների հնարավորություն կա վերականգնվող էներգետիկ շուկայում տեղաբաշխելու, մինչդեռ նա ենթադրում է, որ այդ հայտարարությունն այլ ենթատեքստ ունի:
«Ես կարծում եմ դեռևս հայտարարություն է, քննարկումներ չեն եղել: Մասնավոր գործընկների հետ միասին մենք 24 տարի հելոֆիկատոր ծրագիր ենք իրականացնում, ու փորձում ենք ՀՀ-ում այն իրականացնել, առայժմ չի հաջողվում, քանի որ Կառավարությունն ընթացք չի տալիս մեր գործին: Համոզված եմ, որ եթե մենք Միացյալ նահագների հետ լեզու էլ գտնենք այդ գումարների ներդումները կազմակերպելու համար, հաստատ Կառավարությունը մեզ թույլ չի տա»,-ասաց նա և նշեց, թե «այստեղ լուրջ խաղեր են գնում»:
Համազասպյանը նշեց, թե Կառավարությունը նոր ծրագիր ընդունելիս էլ հակաճգնաժամային էներգետիկ ծրագիր չներկայացրեց: «Պլանային տնտեսությունից մենք դեռևս չենք անցել շուկայական տնտեսության և սխալների արդյունքում տուժում է երկիրը, բնակչությունն ու նրանց ապագան»,-ասաց նա:
Թե ինչ լուրջ խաղերի մասին է խոսքը, Վահան Համազասպյանը նշեց, թե Կառավարությունն արդեն քանի տարի նույնքան՝ շուրջ 8 մլրդ դոլարի գումարի փնտրտուքով է զբաղված նոր Ատոմակայանի բլոկի կառուցման համար: «Կարծում եմ՝ ԱՄՆ-ն այդ 8 մլրդ դոլարը «կրակում է» հենց Ատոմակայանի ուղղությամբ, որովհետև 8 մլրդ է պահանջվում, որպեսզի նոր էներգաբլոկ կառուցվի: Ամեն դեպքում, կոնկրետ առաջարկություն ես չեմ նկատել և այդ ուղղությամբ չեն էլ մտածում»,-ասաց նա:
Վահան Համազասպյանը նշեց, թե ատոմակայանն այսպես, թե այնպես չի կառուցվում, գումար էլ չի գտնվում.
«Բայց Կառավարությունը պայքարում է արևային ծրագրի՝ «Համազասպյանի ծրագրի դեմ», իբրև թե որպեսզի չտուժի ատոմակայան կառուցելու խնդիրը, որովհետև, ըստ իրենց, եթե լրացուցիչ էներգիա ստանան, ատոմակայանի անհրաժեշտությունը չի լինի: Բայց ո՞ւր է, փողեր չեն գտնում, կառուցում չկա, իսկ հինը պետք է փակեն, ռեսուրսը սպառվել է վաղուց և դարձել է վտանգավոր: Պետք է անպայման արագացնել, այս մեկը օր առաջ փակել և նոր ատոմակայան կառուցել»,-ասաց նա:
«Հայաստանի հելոֆիկացիայի ծրագրի» հեղինակը նշեց, թե արևային էներգիա արտադրելու պոտենցիալը ՀՀ-ում շատ մեծ է: «Հայաստանի և Արցախի հելոֆիկացման պարագայում մենք կստանանք լրացուցիչ արևային էներգիա, որը համարժեք կլինի 5 հայկական ատոմակայանի տված էներգիայի: Եթե մեկ ատոմակայանի փող ունենք՝ 6-8 մլրդ դոլար, մենք կարող ենք 5 անգամ ավելի շատ էներգիա արտադրել արևից»,- ասաց նա:










