Մինչ այս կանաչ տարածք էր, հիմա` օղակաձև ռեստորան. Կ. Դանիելյանը` Օղակաձև այգում սրճարան կառուցելու մասին (տեսանյութ)

21:07 • 27.06.17

«Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանն այսօր Tert.am-ի հետ զրույցում ահազանգեց, որ Օղակաձև այգու մի հատվածում, որը ծաղկազարդ մանկական հրապարակ էր, հիմա շինարարություն է ընթանում և նախատեսում են սրճարան կառուցել:

«Զանգեցի քաղաքապետարան, բայց բնապահպանության վարչությունը առհասարակ տեղյակ չէր, իսկ քաղաքաշինության վարչությունից պատասխանեցին, որ սրճարան է լինելու: Հարցրեցի, թե քաղաքապետարանում քաղաքաշինական խորհուրդ գոյություն ունի, ես էլ դրա անդամ եմ, ինչո՞ւ այդ հարցը չի քննարկվել, ասացին, որ նման հարցերը չեն բարձրացնում այդտեղ: Այսինքն՝ մենք նախ կորցնում ենք մանկական հրապարակ, երկրորդը` կորցնում ենք կանաչ տարածք»,-ասաց նա և դիմեց քաղաքապետին, որպեսզի այս հարցը վերանայվի:

«Մ՞իթե այս խեղճ պուրակը, որն էլ չեմ կարող ասել Օղակաձև այգի, էլի ռեստորանի, սրճարան կարիք ունի: Եթե մինչ այս օղակաձև կանաչ տարածք էր, որը պետք է կենտրոնի էկոլոգիական վիճակը ապահովեր,  հիմա ունենք օղակաձև ռեստորան կամ սրճարան, ինչը քաղաքի շահերից ընդհանրապես չի բխում, այլ բխում է մի քանի մարդկանց հարստացման շահերից»,-ասաց նա:

Կարինե Դանիելյանի դիտարկմամբ՝ սա հանրային տարածք է և անպայման պետք է լսումներ լիներ շահագրգիռ մարդկանց կողմից և քաղաքաշինության խորհրդում պետք է քննարկվեր: