Սեֆիլյանի գործով դատին երկու ամբաստանյալ և նրանց հարազատները հեռացվեցին նիստերի դահլիճից, երկու պաշտպան լքեց նիստը, կիրառվեցին սանկցիաներ (տեսանյութ)
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք ռազմամթերք պահելու մեջ մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Հովհաննես Պետրոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի քրեական գործով այսօրվա դատական նիստը մեկնարկեց կես ժամ ուշացումով, ինչը պայմանավորված էր դատական կարգադրիչների կողմից դատական նիստերի դահլիճ մտնող անձանց զննություն իրականացնելով:
Դատական նիստը, սակայն ընդմիջվեց մեկ ժամով, դատարանն արձանագրեց, որ ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանն ու Ներսես Պողոսյանը ոտքի չեն կանգնել: Նրանց նկատմամբ կիրառվեց դատական սանկցիա և նրանք նիստերի դահլիճից հեռացվեցին երեք ժամով:
Սակայն, ընդմիջումից հետո նիստը նախագահող դատավոր Տաթև Գրիգորյաննը հրապարակեց դատական սանկցիա կայացնելու մասին դատարանի որոշումը.«Փաստաբան Տիգրան Եգորյանի նկատմամբ կիրառել դատական սանկցիա պատասխանատվության ենթարկելու դիմումով դիմել Փաստաբանների պալատ»:
Տիգրան Եգորյանը պարզաբանում խնդրեց,թե իր ո՞ր գործողության համար է ենթարկվում դատական սանկցիայի, որպեսզի կարողանա ներկայացնի իր առարկությունները:
Դատավորը պարզաբանեց, որ դատավարության որևէ մասնակից իրավասու չէ դատարանին պահանջ ներկայացնելու դատարանի կողմից կայացված որոշումները մեկնաբանելու կամ պարզաբանելու համար.«Եթե դուք ցանկանում եք այն որոշման օրինակը, մեկ աշխատանքային օրվա ընթացքում կարող եք այդ օրինակը վերցնել և այն ստանալուց հետո դուք կարող եք ձեր առարկությունները ներկայացնել»:
Նախքան նիստի ընդմիջումը նիստերի դահլիճում չէին պաշտպաններ Արայիկ Պապիկյանն ու Տիգրան Հայրապետյանը, որովհետև պաշտպանները հրաժարվել են խուզարկության ենթարկվելուց:
Սակայն, այդ առնչությամբ դատարանը գրություն է ստացել դատական կարգադրիչներից այն մասին, որ օրենքով սահմանված կարգով դատական կարգադրիչը ցանկացել է զննության ենթարկել փաստաբան Տիգրան Հայրապետյանին և փաստաբան Արայիկ Պապիկյանին, սակայն նրանք հրաժարվել են:
Նշենք,որ փաստաբաններն ասում են, որ պայուսակը բացելն ու իրերը ստուգելը ոչ թե զննություն է, այլ խուզարկություն:
Պաշտպանների վերաբերյալ դատական սանկցիա կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու համար դատարանը մեկնեց խորհրդակցական սենյակ: Դատական ակտը հրապարակվեց կես ժամ անց.« Փաստաբան Արայիկ Պապիկյանի և փաստաբան Տիգրան Հայրապետյանի նկատմամբ կիրառել դատական սանկցիա՝ պատասխանատվության ենթարկելու դիմումով դիմել Փաստաբանների պալատ»:
Նիստի ընդմիջումից հետո դատական նիստին արդեն պաշտպաններ Արայիկ Պապիկյանն ու Տիգրան Հայրապետյանը ներկա էին:
Փաստաբանների նկատմամբ դատական սանկցիա կիրառեց ամբաստանյալների երկու հարազատների՝ Վահե Պողոսյանի և Վահագն Ղումաշյանի նկատմամբ, նկատելով, որ նրանք խախտել են դատական նիստի կարգը, անհարգալից վերաբերմունք են դրսևորել դատարանի նկատմամբ.«Դատարանը որոշեց դատական սանկցիա կիրառել՝ Վահե Պողոսյանն ու Վահագն Ղումաշյանը կհեռացվեն դատական նիստերի դահլիճից մինչև դատաքննության ավարտը»:
Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանն ասաց, որ եթե իր պաշտպանյալը դատական սանկցիայի է ենթարկվել, ապա իր պաշտպանյալն իրեն չի լիազորել իր բացակայության պայմաններում, առանց իր մասնակցության մասնակցել դատական նիստին.«Եթե նրա ներկայությունը չի ապահովվելու, ապա ես ստիպված եմ ներողություն խնդրել և դուրս գալ»:
Ի պատասխան Արայիկ Պապիկյանի հայտարարության՝ դատարանն ասաց, որ իր պաշտպանյալը նիստերի դահլիճից հեռացվել է վեց ժամով՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար:
Դատարանը վկայակոչեց մի շարք հոդվածներ քրեական դատավարության վերաբերյալ,և ասաց, որ Պապիկյանն իրավունք չունի ինքնուրույն լքել դատական նիստը:
Պապիկյանը շնորհակալություն հայտնեց դատարանին մեջբերումների համար և ասաց, որ դրանք իրեն չեն վերաբերվում.«Ես դատավարական կարգավիճակ ստացել եմ, և ես իրավունք չունեմ նրա շահերին հակասող որևէ գործողություն կատարել, ես, հարգելով դատարանին և դատավարության մասնակիցներին, լքում եմ նիստերի դահլիճը: Խնդրում եմ սա չդիտել որպես անհարգալից վերաբերմունք»:
Արայիկ Պապիկյանին միացավ նաև Ներսես Պողոսյանի մյուս պաշտպան Նինա Կարապետյանցը, ով ասաց, որ իրենք դատարանում են Ներսես Պողոսյանի շահերը պաշտպանելու համար,և լիազորված չեն առանց նրա մասնակցության ներկա գտնվել դատական նիստին: Պաշտպանները լքեցին դատական նիստերի դահլիճը, դատարանը գնաց խորհրդակցական սենյակ այդ հարցը քննելու համար: Դատարանի որոշումը կհրապարակվի 15:00-ին:
Հիշեցնենք Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի շարք ծանր հոդվածներով՝ զանգվածային անկարգությունների հրահրում, նախապատրաստում, կազմակերպված խմբի կազմում զենքի ձեռքբերում, որի միջոցով նպատակ է ունեցել զավթեր ռազմավարական նշանակության շենքեր։










