Ագրամունտը դարձավ պատճառը, որ ԵԽԽՎ-ում կոռուպցիոն սկանդալների մեջ ներքաշված պաշտոնյաների համար հետկանչի մեխանիզմ ամրագրվի․Ն․ Զոհրաբյան
Բոլոր քաղաքական խմբերի, բոլոր պատգամավորների հիմնական թիրախը ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտն էր, իսկ Մարի Պասկեի զեկույցը վերաբերում էր ընդհանրապես ԵԽԽՎ-ի կանոնադրության փոփոխությանը, որը ենթադրում է ստեղծել հնարավորություն` սկսելու վստահությունը կորցրած ԵԽԽՎ պաշտոնյայի հեռացման գործընթացը․ Tert.am-ի հետ զրույցում այսօր ԵԽԽՎ-ում կատարվողի մասին պատմեց ԱԺ Եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
«Նախադեպը Ագրամունտն էր, բայց Ագրամունտը դարձավ պատճառը, որ այսուհետ ԵԽԽՎ վստահությունը կորցրած, կոռուպցիոն տարբեր սկանդալների մեջ ներքաշված, տարբեր տոտալիտար ղեկավարների կրունկի տակ ճզմված պաշտոնյաների համար հետկանչի մեխանիզմ ամրագրվի»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը՝ ԵԽԽՎ-ն, երեքշաբթի ձայների մեծամասնությամբ ընդունել է բանաձև, որը ենթադրում է կանոնակարգում փոփոխություններ, որոնցով թույլ է տալիս սկսել վեհաժողովի ներկայիս ղեկավար Պեդրո Ագրամունտի պաշտոնից հեռացման գործընթացը: Կողմ է քվեարկել 154 խորհրդարանական, դեմ՝ 30, ձեռնպահ՝ 13: Ընդհանուր առմամբ, քվեարկությանը մասնակցել է 197 խորհրդարանական:
Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ այս ընթացքում ԵԽԽՎ-ում քննարկումները լակմուսի թուղթ դարձան՝ բացահայտելու համար բոլոր այն «հաճախորդներին», որոնցից շատերն այս տարիների ընթացքում թաքնված լոբբինգ էին իրականացրել Ադրբեջանի համար:
«Այդ մարդիկ ելույթ ունեցան և իրենց մարմնի բոլոր մասերով սկսեցին պաշտպանել Ագրամունտին, և նրանց գլխավորում էր Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը, ով փորձեց վերջին ջանքերը գործադրել այդ զեկույցը տապալելու համար»,- ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ ԵԽԽՎ-ում ամենաքննարկվող հարցն է՝ ինչո՞ւ Ագրամունտն ընտրեց այդ գործընթացը և չտվեց հրաժարական: «Ըստ իս՝ պատասխանը մեկն է՝ Ագրամունտն այլևս ոչինչ չի որոշում, և իրեն կերակրող, իրեն սնող երկրներն ուղղակի ստիպեցին նրան, որ մինչև վերջ նա անցնի այդ գործընթացը՝ մինչև վերջ հավատալով, որ հնարավոր է՝ ինչ-որ մի պահի ինչ-որ բան փոխել»,- ասաց նա:
ԱԺ պատգամավորի խոսքով՝ այն, ինչ տեղի ունեցավ այսօր առավոտյան, ԵԽԽՎ-ի առողջացման գործընթացի սկիզբն է: «Արդեն Ադրբեջանի բազմաթիվ հաճախորդներ, կանխազգալով իրենց գլխին կախված դամոկլյան սուրը, իրենք են արդեն սկսվում տարբեր պաշտոններից հրաժարականներ տալ»,- ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ինքն անձամբ ադրբեջանական հասարակական կազմակերպություններից լսել է, որ Պեդրո Ագրամունտի վարձած փաստաբանները, որոնք պետք է օգնեին նրան այս գործընթացում, վարձատրվում են ադրբեջանական պատվիրակության անդամ Էլհամ Սուլեյմանովը:
«Բոլոր երկրների դեպքում ընդունված է Ազգային ժողովի նախագահի անվստահության գործընթաց սկսելու գործընթաց: Ինչո՞ւ պետք է ԵԽԽՎ-ի դեպքում այդ գործընթացը չլիներ: Այո, երբ վաթսունից ավելի տարի առաջ ստեղծվում էր այդ կառույցը, այդ կառույցի հիմնադիրների մտքով անգամ չէր կարող անցնել, որ մի օր այս կառույցը կարող էր կառավարել շարքային ժուլիկը և շարքային կոռուպցիոները: Ուստի, այո, այսօր առաջացավ կանոնադրության մեջ հետկանչի մեխանիզմն ամրագրելու ցանկությունը: Սա պատիժ չէ, սա ժողովրդավարական մեխանիզմ է, ըստ որի, եթե կառույցի վստահությանն արժանացած անձը չարաշահում է այդ վստահությունը, նա պետք է հեռանա, իսկ եթե նա չի ցանկանում հեռանալ, ինչպես չի ցանկանում Ագրամունտը կամ իրեն թույլ չեն տալիս, կգործի արդեն կանոնակարգի հստակ հետկանչի դրույթը»,- ասաց նա:










