Միչիգանի դատարանն ԱՄՆ-ից 1.400 իրաքցու արտաքսման արգելք է սահմանել

11:31 • 27.06.17

ԱՄՆ Միչիգան նահանգի արևելյան շրջանի դատարանը վճռել է ժամանակավորապես արտաքսման արգելք սահմանել 1400 իրաքցու համար, որոնց ամերիկյան իշխանությունները մտադիր էին արտաքսել: Համապատասխան կարգադրությունը երկուշաբթի արել է դատավոր Մարկ Գոլդսմիթը, հայտնում է Reuters գործակալությունը:


Դատավորը բավարարել է Ամերիկյան քաղաքացիական ազատությունների միության իրավաբանների հայցը, որոնք ցանկանում էին կանխել իրաքցիների արտաքսումը միգրացիոն և մաքսային ոստիկանության կողմից: Փաստաբանները պնդել են, որ արտաքսման ենթակա անձինք կարող են ենթարկվել հետապնդման, խոշտանգման կամ կարող են սպանվել, քանի որ նրանցից շատերը քաղդեական կաթոլիկներ, սուննի մահմեդականներ կամ իրաքցի քրդեր են կամ խմբեր, որոնք հետապնդվում են Իրաքում:


Անցած շաբաթ դատավորը որոշում է կայացրել 114 իրաքցու արտաքսման դեմ, որոնց ոստիկանությունը ձերբակալել էր ընթացիկ տարվա հունիսի 11-ին Դետրոյթի շրջանում: Այժմ Գոլդսմիթն արգելքը տարածել է ամբողջ Միացյալ Նահանգների տարածքում Իրաքի քաղաքացիների վերաբերյալ, որոնց իշխանությունները մտադիր էին արտաքսել դատվածություն ունենալու պատճառով:


Դատավորի սահմանած արգելքը կգործի 14 օր, ենթադրվում է, որ այդ ընթացքում պետք է վերջնականապես որոշվի, թե արդյոք տվյալ շրջանային դատարանն ունի անհրաժեշտ լիազորություններն անժամկետ նման արգելք սահմանելու համար:


Արտաքսման վտանգի առաջ կանգնածների մի մասն ԱՄՆ էր ժամանել երիտասարդ տարիքում և հանցագործություններ էր գործել տասնամյակներ անց, բայց նրանց թույլ էր տրվում մնալ երկրում, որովհետև Իրաքը նախկինում հրաժարվել էր ընդունել նրանց: Այնուամենայնիվ, երկու երկրների իշխանությունները մարտին եկել են համաձայնության արտաքսված քաղաքացիներին ընդունելու հարցի շուրջ, ինչից հետո Իրաքը հանվել է երկրների ցանկից, որոնց քաղաքացիների նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ մուտքի արգելք է սահմանել: