Սիրիայի իշխանությունները նոր քիմիական հարձակում են նախապատրաստում. Սպիտակ տուն
Սիրիայի իշխանությունները նախապատրաստվում են նոր քիմիական հարձակման, որը կարող է հանգեցնել խաղաղ բնակիչների մահվան, ասվում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերի տարածած հայտարարությունում:
«ԱՄՆ-ն պարզել է, որ նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմը նախապատրաստում է հերթական քիմիական հարձակումը, որը, հավանաբար, կդառնա խաղաղ բնակչության՝ այդ թվում նաև անմեղ երեխաների շրջանում զանգվածային մահացությունների պատճառ: Նախապատրաստական աշխատանքները նման են 2017թ. ապրիլի 4-ին Ասադի ռեժիմի իրականացրած հարձակմանը նախորդած գործողություններին»,-նշել է Սփայսերը:
Ինչպես նշում է Fox News-ը, Սպիտակ տան մամուլի խոսնակն ընդգծել է, որ ևս մի քիմիական հարձակում իրագործելու դեպքում Ասադն ու իր բանակը պատասխան են տալու:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները մեղադրել են պաշտոնական Դամասկոսին ապրիլի 4-ին սիրիական Իդլիբ նահանգի Խան Շեյխուն քաղաքում տեղի ունեցած ու 100-ից ավելի խաղաղ բնակչի կյանք խլած քիմիական հարձակման համար: Մինչդեռ Սիրիայի իշխանությունները հերքում են մեղադրանքը՝ նշելով, որ դա արվել է իրենց վարկաբեկելու համար:










