«Սիրիայի դեմոկրատական ուժերն» ազատագրել է Ռաքքայի մեկ չորրորդը

12:46 • 27.06.17

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» ընդդիմադիր խմբավորումն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից արդեն ազատագրել է Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաքքա քաղաքի մեկ չորրորդը, այս մասին գրում է demokrathaber.org կայքը՝ հղում անելով Լոնդոնում գործող Մարդու իրավունքների սիրիական կենտրոնի տարածած հաղորդագրությանը։

Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաքքայի ազատագրման գործողությունն իրականացվում է «Սիրիայի դեմոկրատական ուժեր» ընդդիմադիր խմբավորման և Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների կողմից, գործողությանն աջակցում են նաև ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերը:

Ըստ այդ տեղեկատվության՝ խմբավորմանը, ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությամբ, հունիսի 6-ից մինչ օրս հաջողվել է իսլամիստ ահաբեկիչներից ազատագրել քաղաքի 25 տոկոսը։

Ինչպես ավելի վաղ նշել էր BBC-ի թղթակիցը՝ եթե իսլամիստները պարտվեն Ռաքքայում, դա կխորհրդանշի ԻՊ-ի խալիֆայության վերջը, սակայն դա չի նշանակի, որ ԻՊ-ի բռնությանն ու սիրիական պատերազմին վերջ է դրվելու։