Թուրքիան ցանկանում է ջնջել առանց այդ էլ փոքրաթիվ ասորական համայնքին այդ հողերից. Եվրոպական խորհրդարանի պատգամավոր

10:39 • 27.06.17

Եվրոպական ժողովրդական կուսակցության պատգամավորներից Ռենատե Սոմերը քննադատել է Թուրքիայի իշխանություններին ասորական համայնքի մի շարք սրբավայրերի ու եկեղեցիների բռնի պետականացման ու դրանք Թուրքիայի կրոնական հարցերով վարչությանը փոխանցելու համար։

Ինչպես գրում է թուրքական demokrathaber.org կայքը, եվրոպացի պատգամավորը հայտարարել է, որ աշխարհում չկա մեկ այլ նման օրինակ, երբ հազարավոր տարիների բացառիկ մշակութային արժեքներն առանց որևէ լուրջ հիմնավորման բռնի կերպով պետականացվեն և խլվեն իրենց տերերից։

Սոմերը շեշտել է, որ Թուրքիայի իշխանությունները «ցանկանում են ջնջել առանց այդ էլ չափից դուրս փոքրաթիվ ասորական համայնքին այդ հողերից»։

Ասորական համայնքից ապօրինաբար խլված կառույցների թիվը հասնում է 30-ի, դրանց մեծ մասը գտնվում են Մարդին նահանգում:

Բռնագրավված շինությունների կազմում է նաև Մոր Գաբրիել ասորական վանքը, որը համարվում է Մարդինի խորհրդանիշերից մեկը:

Մոր Գաբրիելը կառուցվել է 4-րդ դարում և համարվում է ասորական մշակույթի պահպանված բացառիկ պատմական նմուշներից մեկը: