Թե՛ ՀՀ-ում, թե՛ ՌԴ-ում, սիրում են ուռճացնել հարցերը. փորձագետը՝ Հայաստանի վարորդական իրավունքներով ՌԴ-ում աշխատելու արգելանք սահմանելու մասին
Բոլոր պետությունների, այդ թվում՝ Ռուսաստանի սուվերեն իրավունքն է, սահմանել կանոններ, թե ովքեր կարող են, օրինակ` աշխատել որպես վարորդ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ռուսաստանի «Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի» տնօրեն Ալեքսեյ Մարտինովը:
Նա չհամաձայնեց այն կարծիքների հետ, որ հանգամանքը, թե Ռուսաստանում վարորդական աշխատանքով զբաղվել ցանկացող հայերն, ովքեր հունիսի 1-ից գործող օրենքով այլևս չեն կարող ՀՀ-ում ստացած վարորդական իրավունքներով աշխատանքի անցնել, որևէ կերպ խախտում է միության միասնականության գաղափարը:
«Հայկական անձնագրերով հայերը գալիս են չէ՞ Ռուսաստան, Ռուսաստանի քաղաքացիներն էլ ռուսական անձնագրերով կարողանում են մեկնել Հայաստան, բայց վարորդական իրավունքի պարագայում փոքր-ինչ այլ է: Հայաստանում ինչո՞ւ ՌԴ քաղաքացին Ռուսաստանում ստացած վարորդական իրավունքով կարո՞ղ է տեղավորվել աշխատանքի, չգիտեմ…»,- ասաց Ա. Մարտինովը:
Քաղաքագետն ասաց, որ օրենքի ընդունման պատճառն անվտանգության երաշխիքներ ստեղծելն է: Նա շեշտեց, որ օտարերկրյա քաղաքացիները, հատկապես ԵԱՏՄ անդամ-պետությունների քաղաքացիները, կարող են ստանալ ռուսական վարորդական իրավունք, կարող են ստանալ նրանք, ովքեր ՌԴ քաղաքացի չեն այն դեպքում, երբ անցնեն համապատասխան ստուգումներ, ստանան համապատասխան սերտիֆիկատ, որովհետև սա առաջին հերթին կապված է ուղևորների անվտանգության ապահովման հետ:
Մարտինովն «անարդարացի սպեկուլիացիա» անվանեց այն, որ սա վնասում է ԵԱՏՄ միասնականությանը՝ նշելով, որ ԵԱՏՄ բոլոր անդամների քաղաքացիները կարող են իրենց երկրներում ստացած վարորդական իրավունքներով մեքենաներ վարել, եթե խոսքը վարորդի աշխատանք ստանալու և ուղևորներ տեղափոխելու մասին չէ:
Նա ասաց, որ թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում, սիրում են ուռճացնել հարցերը, այնինչ՝ սա խնդիր չէ: «Սա հիմնավորված ու արդարացված է ուղևորների անվտանգության ապահովմամբ»,-կրկնեց փորձագետը:










