«Ծիրան» սուպերմարկետում զինված ավազակային հարձակում կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը պարզվել է. նա որոնվում է

12:20 • 28.06.17

Երևանի Գայի պողոտայի 8/2 հասցեում գործող «Ծիրան» սուպերմարկետում զինված ավազակային հարձակում կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը պարզվել է։

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և հիշեցնում, որ հունիսի 26-ին, ժամը 3-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ դիմակավորված անհայտ անձը ժամը 2-ին օդամղիչ ատրճանակով մուտք է գործել Երևանի Գայի պողոտայի 8/2 հասցեում գործող սուպերմարկետ և զենքի սպառնալիքով պահանջել է բացել դրամարկղը:

Սուպերմարկետի անվտանգության աշխատակիցները կանխել են նրա գործողությունները, որից հետո անհայտ անձը դիմել է փախուստի:

Հանցագործության գործիք ատրճանակը և դիմակն առգրավված են: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումների շնորհիվ ճշտվել է ավազակային հարձակումը կատարողի ինքնությունը: Ձեռնարկվում են որոնողական աշխատանքներ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: