Բրիտանուհին ամուսնության 30-ամյակի նախօրեին սպանել է ամուսնուն՝ չհարդարված անկողնու պատճառով

11:28 • 28.06.17

Բրիտանական Օլդհեմ քաղաքից ոչ հեռու կինն ամուսնության 30-րդ տարեդարձի նախօրեին դանակի մի քանի հարվածով սպանել է ամուսնուն. պատճառը եղել է չհարդարված անկողնու համար վեճը:

Ինչպես նշում է The Sun-ը, 58-ամյա Լեսլի Կուլին ամուսնուն՝ 56-ամյա Էնթոնի Կուլիին, սպանել է իրենց տանը: Հայտնի է, որ նախքան այդ, ամուսինները գնացել են տեղի փաբերից մեկն ու այնտեղ ոգելից խմիչքներ ընդունել:

Տուն վերադառնալուց հետո ամուսինը բարկացել է Լեսլիի վրա չհարդարված անկողնու համար: Աստիճանաբար վեճը թեժացել է, ու կինը խոհանոցի դանակով հարվածել է Էնթոնի Կուլիին:

Կնոջ խոսքով՝ ինքը չի կարողանում հիշել, թե ամուսնուն հարվածելուց հետո ինչ է տեղի ունեցել:

Նշվում է, որ ոստիկաններին դեպքի վայր են կանչել հարևանները, որոնք լսել են հարբած ամուսինների վեճը:

Երբ ոստիկանները տուն են մտել, տեսել են դեմքով գետնին պառկած արնաշաղախ Էնթոնի Կուլիին ու սենյակի մյուս անկյունում արտասվող կնոջը: