Ճապոնական ավիաընկերությունը սահմանափակ կարողություններով ուղևորին ստիպել է սողալով ինքնաթիռ բարձրանալ
Ճապոնական Vanila Air էկոնոմ կարգի ավիաընկերությունը սահմանափակ կարողություններով ուղևորին ստիպել է սողալով ինքնաթիռ բարձրանալ:
Ինչպես նշում է ria.ru-ն, անվասայլակով տեղաշարժվող տղամարդը գնել էր տոմսն ու պատրաստվում էր մեկնել Ամամի քաղաք: Սակայն գրանցման բաժնում նա տեղեկացել է, որ չվերթն ինքնուրույն տեղաշարժվել չկարողացող ուղևորների սպասարկման պայմաններ չունի:
«Նա, ով չի կարողանում քայլել, չի կարող ինքնաթիռ բարձրանալ»,-բառացիորեն ասել են ուղևորին:
Աղբյուրը մանրամասնում է, որ ուղևորն ինքնաթիռ է նստել իրեն գրկած ընկերոջ օգնությամբ:
Մինչդեռ հետադարձ ճանապարհին օդանավի անձնակազմն ասել է, որ նա չի կարող բարձրանալ կողմնակի օգնության միջոցով ու պետք է դա ինքնուրույն անի: Ասվածից հետո տղամարդը սկսել է քարշ տալ անշարժ վերջույթներն ու սողալով հաղթահարել է դեպի օդանավ տանող 17 աստիճանը:
Նշվում է, որ երբ պատմության մասին սկսել են գրել տեղի լրատվամիջոցները, ավիաընկերությունը ներողություն է հայցել ուղևորից:










