Իմ որոշմամբ ձերբակալվեց դատախազ, և դրա մասին քաջ գիտեն բոլոր դատախազները. Արթուր Դավթյան (տեսանյութ)

13:16 • 28.06.17

Ուզում եմ վստահ լինեք, որ կոռուպցիայի գոյությունը ոչ միայն իրավական հետևանքներ է ունենալու, և դրա վկայությունը դուք տեսաք վերջին ձերբակալմամբ. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Նա շեշտեց, թե իր որոշմամբ ձերբակալվեց դատախազ և դրա մասին «քաջ գիտեն» բոլոր դատախազները:

«Բնականաբար դժվար է բացառել, որ 337 դատախազներից որևէ մեկը երբևէ ներգրավված չի եղել կոռուպցիան գործընթացի մեջ, բայց եթե պարզ դարձավ այդպիսի իրավիճակ, եթե դրա վերաբերյալ եղավ համապատասխան հաղորդում, թույլ տվեք մի քիչ էլ օրենքը խախտեմ՝ այդ իրավիճակում լինելու ենք մի քանի անգամ խիստ»,-ասաց նա:

Հարցին, թե կոռուպցիայի դեմ պայքարող ՀԿ ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ դատախազների ներկայացրած հայտարարագրերում նշված նվիրատվություններն իրականում կաշառքներ են, արդյոք ուշադրություն դարձրե՞լ է այդ խնդրին, Դավթյանը պատասխանեց. «Անկեղծ ասած՝ ուշադրություն չեմ դարձրել, քանի որ դեռ այդ փաստի առկայությունը վարույթ հարուցելու հիմք չէ: Վերջերս մենք ընդունեցինք օրենք ապօրինի հարստացման դեմ, որից հետո արդեն հայտարարագրերն ինքնին որոշակի հակասությունների դեպքում հիմք կհանդիսանան վարույթ հարուցելու համար»: