Շատ դեպքերում իրենք հեշտացնելու են մեր սահմանապահների գործը. թուրքագետը` հայ-թուրքական սահմանին պատ կառուցելու մասին (տեսանյութ)

20:17 • 28.06.17

Թուրքագետ Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ եթե Թուրքիան ցանկանում է Իրանի հետ սահմանում պատ կառուցել՝ կանխելու մաքսանենգությունն ու փախստականների ապօրինի հատումը, տրամաբանությունը հուշում է, որ պետք է փակվի նաև Հայաստանի հետ սահմանը:

«Տրամաբանությունը հուշում է, որ այդ պատը պետք է փակի ամբողջությամբ սահմանը, որովհետև մի մասը փակելով՝ նշանակում է՝ մեկ այլ տարածք կարող է օգտագործվել: Եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա պատը պետք է շարունակվի նաև Վրաստանի հետ սահմանում»,- ասաց նա:

Նշենք, որ լրատվամիջոցներով տարածվել է տեղեկատվություն, ըստ որի, հայ-թուրքական և թուրք-իրանական սահմանին պատի կառուցման  վերաբերյալ Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» Ստամբուլի պատգամավոր Մահմութ Թանալը հարցադրում էր ուղղել պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքին: Վերջինս հաստատել էր, որ Թուրքիան պատրաստվում է
Հայաստանի և Իրանի հետ սահմանին անվտանգության պատ կառուցել:

Հիշեցնենք, որ նման թեմայի շուրջ քննարկումներ եղան այս տարվա սկզբին՝ հունվարին, սակայն Թուրքիայի կողմից պաշտոնական մեկնաբանություն չլինելու պատճառով քննարկումները մարեցին:

Գևորգ Պետրոսյանը նշեց, որ հաշվի առնելով այն, որ պատի կառուցման մասին խոսելիս նկատի չեն առնվում Նախիջևանի կամ Վրաստանի սահմանները, խոսվում է միայն Իրանի և Հայաստանի մասին, կարող ենք ենթադրել, որ Թուրքիայի  ցանկության մեջ քաղաքական ենթատեքստեր կան:

«Ես նշել եմ, որ հայ-թուրքական սահմանի պահպանումը  ամբողջությամբ հայկական կողմի վրա է: Անզեն աչքով կարելի է տեսնել, որ հայկական կողմը շատ ավելի տեսանելի աշխատանք է տանում սահմանը պահպանելու համար՝ և՛ տեխնիկական, և ՛մարդկային տեսանկյունից»,- ասաց նա:

Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ Հայաստանի և Թուրքիայի միջև պատ այսպես թե այնպես գոյություն ունի, սահմաններն են փակ, այդ իսկ պատճառով մենք մեծ կորուստներ չենք ունենա: «Իրականում դա փակ սահման է, և կարելի է ասել, որ շատ դեպքերում իրենք հեշտացնելու են մեր սահմանապահների գործը ևս»,- ասաց նա:



Մանրամասները՝ տեսանյութում: