Մոսկվայում իր գրասենյակի մոտ մահացած հայտնաբերված հայ գործարարն ինքնասպանություն է գործել. «Մոսկովսկի կոմսոմոլեց»
Մոսկվայում իր ձեռնարկության գրասենյակի մոտ սպանված հայտնաբերված շինարարական ընկերության տնօրեն Վաչիկ Աբգարյանի խորհրդավոր մահն իրավապահ մարմինները սկզբնապես գնահատել են որպես պատվիրված սպանություն, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը: Իրադարձությունների նման ընթացքի մասին էր վկայում այն, որ փամփուշտը հայտնվել է գործարարի հենց սրտում: Այնուամենայնիվ, քննությունը պարզել է, որ գործարարը որոշել է հրաժեշտ տալ կյանքին: Այդ քայլի պատճառը դեռ պարզ չէ, նա ոչ մի գրություն չի թողել, գրում է կայքը:
Վերեյսկայա փողոցի շենքի մոտ կրակոցները հնչել են երեկ առավոտյան ժամը 10:30-ին: Փողոց դուրս եկած աշխատակիցները հայտնաբերել են իրենց 57-ամյա ղեկավար Վաչիկ Աբգարյանին ամբողջովին արյան մեջ գետնին պառկած վիճակում: Նրա մոտ ատրճանակ է ընկած եղել:
Դեպքի վայր ժամանած իրավապահները պարզել են, որ գրասենյակ նրան ավտոմեքենայով բերել էր որդին, ով սպասելով մինչ հայրը դուրս գա մեքենայից և մոտենա մուտքին՝ հեռացել է:
Իրավապահները սկզբնապես ենթադրել են, որ գործարարը կարող էր դառնալ վարձու մարդասպանների զոհ: Նախնական վարկածներով՝ գործարարի կյանքին կարող էին վերջ դնել իր մասնագիտական գործունեության համար: Աբգարյանի մտերիմները հայտնել են, որ շինարարական ընկերությունը հին կոնֆլիկտ ուներ մեկ այլ ընկերության հետ, որը մեծ գումարներ էր պարտք և չէր վերադարձնում դրանք՝ չնայած նրան, որ անցել էին հնարավոր բոլոր ժամկետները: Այնուամենայնիվ, պարտապան ընկերության ղեկավարությանը գործարարի մահվանը ներգրավվածության համար ստուգելու կարիք չեղավ, գրում է կայքը:
Ողբերգության վայրում աշխատող փորձագետները պարզել են, որ տղամարդն ինքնասպան է եղել: Նա ուներ դրա համար պատճառներ՝ մասնագիտական ոլորտում խնդիրներին ավելացել էին ընտանիքում խնդիրները: Գործարարի ծանոթները պնդում են, որ վերջին շրջանում նա վատ տրամադրությամբ էր և ինքնամփոփ էր դարձել: Այնուամենայնիվ, թե ինչը դրդեց նրան այդ ճակատագրական քայլին՝ դեռ հայտնի չէ:
Միջադեպի փաստի առթով իրականացվում է նախաքննական ստուգում, որի արդյունքներով որոշում կկայացվի քրեական գործի հարուցման մասին:










