Քաշքշուկ «Սասնա ծռերից» 14-ի գործով դատական նիստերի դահլիճում. ամբաստանյալները հեռացվեցին (տեսանյութ)
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում «Սասնա ծռերից» 14-ի գործով արտագնա դատական նիստը կրկին խոչընդոտվում է՝ դատական կարգադրիչները խուզարկում են փաստաբաններին, ինչից պաշտպանները հրաժարում են:
Դատական նիստը, որը նախատեսված էր ժամը 11։00-ին, դեռ չի մեկնարկել։
Դատական նիստերի դահլիճում բախում տեղի ունեցավ ոստիկանության ծառայողների ու ամբաստանյալների միջև։ Ապակեպատ դահլիճից ներս ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանը ինչ-որ բան էր խոսում ոստիկանության ծառայողների հետ, ինչը վերածվեց բանավեճի։
Նրան գրկած հեռացրին նիստերի դահլիճից, ինչին հաջորդեց նաև ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանի խոսակցությունն ու վեճը, նրան ևս հեռացրին նիստերի դահլիճից, այնուհետև հեռացվեց նաև Մխիթար Ավետիսյանը։ Ամբաստանյալների հարազատները ապակիներից այս կողմ իրենց բողոքը հայտնեցին, ինչից հետո նրանք ևս հեռացվեցին։
Դատական նիստը դեռ չի մեկնարկել։ Ապակեպատ դահլիճում ոստիկանների ու ամբաստանյալների, նաև դատական կարգադրիչների խոսակցությունը չի լսվում։
Միջադեպի վերաբերյալ Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանն ասաց, որ Սմբատ Բարսեղյանի հետ կապված միջադեպը չի ֆիքսել, սակայն Արեգ Կյուրեղյանի հետ միջադեպը սկսվել է նրանից, որ Արեգ Կյուրեղյանը փորձել է գրությամբ կապվել պաշտպանի հետ, ինչն ուղեկցող գումարտակը խլել է ձեռքից. դրանից էլ սկսվել է միջադեպը։
«Բացի այդ, ֆիքսենք, որ ամբաստանյալների նկատմամբ բռնություն է կիրառվում, ծեծի ձայներ են գալիս, ամբաստանյալներն այս պահին խոշտանգվում են»,-ասաց նա։










