«Սասնա ծռերից» 14-ի գործով դատական նիստը հետաձգվեց

12:30 • 28.06.17

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում «Սասնա ծռերից» 14-ի գործով արտագնա դատական նիստը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, մեկնարկեց 1 ժամ 10 րոպե ուշացմամբ և հետաձգվեց։

Նախքան դստական նիստի մեկնարկը ամբաստանյալներին ուղեկցող գումարտակի և ամբաստանյալներ Մխիթար Ավետիսյանի, Սմբատ Բարսեղյանի և Արեգ Կյուրեղյանի միջև վեճ տեղի ունեցավ, ինչից հետո ամբաստանյալներին հեռացրին նիստերի դահլիճից։

Նրանց նիստերի դահլիճ տեղափոխելուց հետո մեկնարկեց դատական նիստը, սակայն պաշտպանները չկարողացան մուտք գործել նիստերի դահլիճ և մասնակցել նիստին։

Դատական կարգադրիչները, փաստաբանների խոսքով՝ զննության փոխարեն խուզարկություն են իրականացնում, ինչն օրենքով արգելված է։ Պաշտպաններ Ինեսսա Պետրոսյանը, Տիգրան Հայրապետյանը, Արա Զաքարյանն ու այլ պաշտպաններ արգելեցին իրենց խուզարկել։

Նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանն ասաց, որ նիստը հետաձգվում է դատավարության կողմերի ներկայությունն ապահովելու համար։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 12-ին։

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նիստը նախագահող դատավորը չի կարողանում նման հնչեղությամբ գործ քննել. «Չի կարողանում կառավարել իրավիճակը»։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու և զուգորդված գործողություններ անելու համար Պավել Մանուկյանին, Վարուժան Ավետիսյանին, Մխիթար Ավետիսյանին, Աշոտ Պետրոսյանին, Արայիկ Խանդոյանին, Էդվարդ Գրիգորյանին, Գագիկ Եղիազարյանին, Արմեն Բիլյանին, Սմբատ Բարսեղյանին, Արեգ Կյուրեղյանին, Սեդրակ Նազարյանին, Արմեն Լամբարյանին, Սեդրակ Նազարյանին, Կարո Եղնուկյանին, Խաչատուր Գիչյանին առաջադրվել են մեղադրանքներ ծանր հանցագործություններ կատարելու համար: