ՍԱՊԾ-ը ուսումնասիրում է մանկական ջրերում խախտումներ հայտնաբերելու տեղեկությունը
Սննդի անվտանգության պետական ծառայությունը ուսումնասիրում է մանկական շշալցված ջրերում խախտումներ հայտնաբերելու վերաբերյալ հրապարակումը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳՆ սննդի անվտանգության պետական ծառայության պետի մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը:
Հարցին, թե մինչ հրապարակումը խախտումների մասին ահազանգեր չե՞ն եղել կամ ՍԱՊԾ-ը չի՞ հայտաբերել, Առաքելյանը պատասխանեց. «Ոչ, առարկայական խախտում վերջերս չի արձանագրվել»:
Հիշեցնենք, որ Hetq.am կայքը լաբորատոր փորձաքննության է ենթարկել 6 ապրանքանիշի ջրեր, որոնցից 4-ը նախատեսված են հենց երեխաների համար:
Փորձաքննության ներկայացված 6 ջրերից միայն 2-ն են համապատասխանել սահմանված նորմերին՝ «Նոյ»-ը և «Baby Well» մանկական ջրերը: «Բյուրեղ», «Pure Water» մանկական ջրերում և «Գառնի», «Մաքուր ջուր» սովորական շշալցված ջրերում հայտնաբերվել են տարբեր տեսակի խախտումներ: Նմուշներից երկուսում եղել է ՄԱՖԱՄ-ի անթույլատրելի քանակ, իսկ մեկում՝ պսևդոմոնաս աէրոգինոզա մանրէ:










