Եղեգնաձորում ինքնահրկիզված կինը հաշվառված է հոգեբուժարանում, և դեպքից մի քանի օր առաջ ամուսինը նրա համար հոգեբուժարանի ուղեգիր է վերցրել
Հունիսի 26-ին Եղեգնաձորում ինքնահրկիզված կինն ունի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ. նա հաշվառված է հոգեբուժական կաբինետում, իսկ դեպքից մի քանի օր առաջ նրա ամուսինը այցելել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն և կնոջ համար հոգեբուժարանի ուղեգիր խնդրել:
Այս մասին Tert.am-ին հայտնեց Եղեգնաձորի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Անահիտ Կարապետյանը՝ մանրամասնելով. «Դրան հաջորդել է դեպքը: Քանի որ կինը հոգեկան խնդիրներ ունի, հայտնի չէ՝ ինքնասպանության փորձ էր, թե իմիտացիա»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունիսի 26-ին` ժամը 23.55-ին «Եղեգնաձոր» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ ինքնահրկիզված վիճակում իրենց մոտ է բերվել Եղեգնաձորի բնակիչ՝ 65-ամյա Սուսաննա Հովհաննիսյանը, ով բենզինով հրկիզել էր իրեն:
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ։
Անահիտ Կարապետյանի տեղեկացմամբ՝ կնոջ առողջական վիճակը բավարար է, նա ունի գիտակցություն և մարմնի շուրջ 7-8 տոկոս այրվածքներ՝ դեմքի ու պարանոցի շրջանում:










