Թուրքիան հրթիռակոծել է Սիրիայի քրդական դիրքերը

10:23 • 28.06.17

Այս գիշեր թուրքական ԶՈւ-ն հրթիռակոծել է Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների (YPG) ենթակայության տակ գտնվող Աֆրինը, հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը։

Թուրքական կողմը հարվածի տակ է առել Աֆրինի Կեստելչինդո, Մենազ, Շերո և Էյնդաքքա շրջանները, ինչին ի պատասխան քրդական ուժերն օդային հարվածներ են հասցրել թուրքական ԶՈւ-ի մի շարք դիրքերի։

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին թուրքական ԶՈւ-ն օդային հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսային շրջաններին, որի հետևանքով մահացել է Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների (YPG) 18 մարտիկ:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատներին (YPG) զենք տրամադրելու մասին որոշումը, որը խիստ հակազդեցության է արժանացել Թուրքիայում: