Մինչև քո աչքով չտեսնես, հնարավոր չէ հավատալ, չես էլ ուզում վատ բան մտածել. անհետ կորած ազատամարտիկի կին (տեսանյութ)

20:52 • 29.06.17

Այսօր՝ հունիսի 29-ը, Հայաստանում պաշտոնապես նշվում է որպես անհետ կորած ազատամարտիկի օր: Արցախյան պատերազմի ժամանակ հենց այդ օրն է Մարտակերտի մոտակայքում անհետ կորել առավել մեծ թվով` 75 ազատամարտիկ «Արաբո» ջոկատից։

1992 թ. հուլիսի 3-ից անհետ կորած է համարվում «Նաիրի» ջոկատի անդամ Նորիկ Մուրադյանը: Նա ծնվել, ապրել և մեծացել է Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում: Նրա կինը՝  Լիաննա Մուրադյանը պատմում է, որ Արցախյան շարժման հենց առաջին օրերից եղել է առաջին շարքերում և մասնակցել է մի շարք մարտական գործողությունների:

«Առաջին կրակոցները, որ սկսվել են Երասխավանում, ինքը ի սկզբանե մասնակցել է դրանց: 1992 թ. հունիսի 24-ին եկել է, մեզ տանը խաբել է, թե ուղեգիր են տվել: Հետո հունիսի 25-ին եկել է ասել՝ գնում եմ Մարտակերտ, մամային չասես, մաման հենց իմանա կվատանա: Դրանից հետո ոչ մի լուր չենք ստացել: Միայն հուլիսի 3-ին ենք նրա կորելու մասին լուրը լսել և այդ օրվանից սկսել ենք որոնողական աշխատանքները, տաժանակիր կյանքը: Մենք արդեն 25 տարի է ապրել ենք այդ սպասումով, որը դարձել է մեր կյանքի ուղեկիցը»,- ասաց անհետ կորած ազատամարտիկի կինը:

Տիկին Լիաննան նշում է, որ սկզբնական շրջանում շատ ծանր վիճակում են եղել ընտանիքի անդամները, հատկապես առաջին 1-2 տարին շատ: Նա հիշում է, որ 1992 թ.-ից հետո գերու կամ վիրավորի մասին տեղեկություն լսելուց հետո անմիջապես գնում էին հիվանդանոցներ, սահմանային վայրեր:

«Ճիշտ է, ես ինքս զինվորական համակարգում եմ աշխատում, ավելի մոտ եմ ամեն ինչին, աշխատանքներին, բայց միևնույն ժամանակ ասում է՝ հույսը վերջում է մահանում, մինչև քո աչքով չտեսնես, հնարավոր չէ, չես էլ ուզում վատ բան մտածել»,- նշեց նա:

Նորիկը և Լիաննան ամուսնացել են 1988 թ.-ին և շատ կարճ ժամանակ են ապրել միասին. երկրաշարժի ժամանակ Նորիկը ամիսներով երկրաշարժի գոտում է աշխատել, իսկ հետո սկսվել է Արցախյան պատերազմը:

«Ճիշտ է, շատ կարճ ժամանակ ենք ապրել միասին, բայց մի անբացատրելի կյանք ենք ունեցել: Նրա հետ ապրած ամեն մի վայրկյանում, ամեն մի րոպեում ինձ համար մեծ հիշողություններ կան: Նա ինձ համար մեծատառով մարդ է եղել՝ որպես լավ ամուսին, որպես լավ զավակ, որպես լավ հայր: Երեքն էլ իդեալական է եղել իր մոտ»,- ընդգծեց այրին:

Նորիկ Մուրադյանը երկու որդի ունի, որոնք վերջին անգամ Մարտակերտ գնալուց եղել են 3 տարեկան և 5 ամսական: Երկու որդիներն էլ ծառայությունը ավարտելուց հետո արդեն որպես սպա շարունակել են ծառայությունը: Տիկին Լիաննան նույնպես 2001 թ. ի վեր աշխատում է պաշտպանության նախարարությունում:

«Երկու որդիներս էլ արդեն ամուսնացել են, մեկ թոռնիկ ունեմ, այսօր առաջին անգամ Եռաբլուրում ծաղիկներ է դրել: Իր պապիկի անունն է կրում»,- ասաց նա:

1998 թ. ընտանիքի անդամների Մարտակերտի զորամասի մոտ Նորիկ Մուրադյանին նվիրված խաչքար են տեղադրել: Ամեն տարի հունիսի 25-ից հուլիսի 5-ի ընթացքում պարտադիր ուխտագնացություն են կազմակերպում խաչքարի մոտ: Տիկին Լիաննան նշեց, որ մի քանի օր առաջ են վերադարձել ուխտագնացությունից:

Նշենք, որ Արցախի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի տվյալներով Արցախյան ազատամարտի տարիներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից անհետ կորած է համարվում ավելի քան 600 մարդ, իսկ Հայաստանից անհետ կորած է համարվում 200-ից ավելի մարդ:


Մանրամասները՝ տեսանյութում: