Բեռլինում տրամվայների բախման հետևանքով կա 27 տուժած (լուսանկարներ)
Բեռլինի Պրենցլաուեր ծառուղու և Գդանսկի փողոցի խաչմերուկում բախվել է երկու տրամվայ, ինչի հետևանքով տուժել է 27 մարդ: Փոխադրամիջոցների վարորդները տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին հայտնում է Tagesspiegel-ը:
Բեռլինի ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ տուժածները հիմնականում թեթև վնասվածքներ են ստացել, իսկ ծանր վնասվածքներ ստացած երկու մարդու կյանքին ոչինչ չի սպառնում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 11:53-ին: Բեռլինի հասարակական տրանսպորտի հարցերով զբաղվող կազմակերպության ներկայացուցչի խոսքով՝ տրամվայներից մեկը դիմային մասով մխրճվել է մյուսի կողային հատվածի մեջ, սակայն անհայտ է՝ ինչու է փոխադրամիջոցը դուրս եկել գծից:
«Երբ բոլոր ուղևորներին օգնություն ցուցաբերվի և վթարի վայրը մաքրվի՝ երթևեկությունը կվերականգնվի», - գրել է հասարակական տրանսպորտի ներկայացուցիչը Twitter-ում՝ մեկնաբանելով վթարի հետևանքով առաջացած արգելափակումներն ու խցանումները:














