Ամերիկուհին պատահաբար սպանել է ընկերոջը YouTube-ի համար տեսահոլովակ նկարելու ժամանակ

16:23 • 29.06.17

ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի 19-ամյա բնակչուհի Մոնալիզա Պերեսը YouTube-ի համար տեսահոլովակի նկարահանման ժամանակ պատահաբար սպանել է իր 22-ամյա ընկեր Պեդրո Ռուիզին: Այս մասին հայտնում է NBC-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ զույգը որոշել է փորձարկման միջոցով ստուգել՝ արդյոք գիրքը կարող է պաշտպանել փամփուշտից: Այս նպատակով նրանք օգտագործել են Desert Eagle ատրճանակը և հաստ կազմով հանրագիտարան:

Նշվում է, որ երիտասարդը գիրքը դրել է կրծքին, իսկ աղջիկը կրակել է: Արձակված փամփուշտն անցել է գրքի միջով՝ մտնելով երիտասարդի կրծքավանդակը: Աղջիկն անմիջապես շտապօգնություն է կանչել, սակայն երիտասարդին չի հաջողվել փրկել:

Պարզվել է, որ գաղափարի հեղինակը Պեդրոն է եղել. այս կերպ նա ցանկացել է բարձրացնել իր YouTube-ալիքի ժողովրդականությունը: Չնայած այս փաստին՝ Մոնալիզային սպառնում է մինչև 10 տարի ժամկետով ազատազրկում և 20 հազար դոլար տուգանք: