Վատիկանի բարձրաստիճան հոգևորականներից մեկին մեղադրում են մանկապղծության համար

11:59 • 29.06.17

Կարդինալ Ջորջ Փելը, որն Ավստրալիայի ամենաբարձրաստիճան կաթոլիկ հոգևորականն է, ինպես նաև իր զբաղեցրած պաշտոնի կարևորությամբ 3-րդ մարդը Վատիկանում, ոստիկանության կողմից մեղադրվում է անչափահասների նկատմամբ բազմաթիվ սեռական բռնություններ իրագործելու համար:

Ինչպես նշում է The Guardian-ը, մանկապղծության համար մեղադրվող Փելը, որն այժմ ապրում է Վատիկանում, պետք է հուլիսի 18-ին ներկայանա Մելբուռնի դատարան:

Սիդնեյի կաթոլիկ արքեպիսկոպոսական թեմի տարածած հայտարարությունում նշվում է, որ Փելը հնարավորինս շուտ Ավստրալիա կվերադառնա իր պատիվը փրկելու համար:

Աղբյուրը նկատում է, որ Վատիկանի գանձապահի պաշտոնում ծառայող Փելը Կաթոլիկ եկեղեցու ամենաբարձրաստիճան անդամն է, որի դեմ մանկապղծության մեղադրանք է առաջադրվել:

Հայտնի է, որ կարդինալի անունը սկսել էր շոշափվել սեռական բնույթի սկանդալներում դեռևս նախորդ տարի: Դեռևս այն ժամանակ, երբ լրագրողները Հռոմի պապ Ֆրանցիսկոսին խնդրել էին մեկնաբանել Փելի հասցեին հնչող մեղադրանքները, պոնտիֆիկոսն ասել էր, որ պետք է սպասել արդարությանն ու չառաջնորդվել բամբասանքներով: