Վենեսուելայում գտել են ուղղաթիռը, որով հարձակում էր իրականացվել դատարանի ու ՆԳՆ շենքերի վրա
Վենեսուելայում հայտնաբերել են ուղղաթիռը, որից նախօրեին հարձակում էր իրականացվել մայրաքաղաք Կարակասի վարչական շինությունների՝ Գերագույն դատարանի ու Ներքին գործերի նախարարության շենքերի վրա:
Ինչպես նշում է tvzvezda.ru-ն, իշխանությունների փոխանցմամբ՝ ուղղաթիռը պատկանել է Վենեսուելայի ոստիկանության Գիտական, քրեական հետաքննությունների բաժնին:
Սակայն ոլորտի փորձագետների կարծիքով՝ ուղղաթիռի հարձակման միջադեպը կարող էր բեմադրված լինել՝ երկրի կառավարության համար սպառնալիքի պատրանք ստեղծելու համար:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ոստիկանական ուղղաթիռից 15 կրակոց է արձակվել Ներքին գործերի նախարարության շենքի ուղղությամբ, որտեղ տասնյակ մարդիկ մասնակցում էին միջոցառման, և չորս նռնակ էլ նետվել է դատարանի վրա:
Հաղորդվում է, որ հարձակման հետևանքով վիրավորներ չկան:
Երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն այն անվանել է ահաբեկչական հարձակում, որի նպատակը հեղաշրջում իրականացնելն էր, և խոստացել է գտնել պատասխանատու անձանց:
Վենեսուելայի կառավարությունը տարածած հաղորդագրությունում հայտնել էր, որ ուղղաթիռն առևանգել է ոստիկանական օդաչու Օսկար Պերեզը, ով իրեն ապստամբ է հռչակել Մադուրոյի դեմ:
Սոցիալական մեդիաներով տարածված լուսանկարներում երևում է, թե ինչպես է Պերեզը դրոշ թափ տալիս ուղղաթիռից, որի վրա գրված է «Ազատություն» և «350»: Թիվը վերաբերում է Սահմանադրության հոդվածին, որը թույլ է տալիս մարդկանց ընդդիմանալ ոչ ժողովրդավարական իշխանությանը:










