Իրաքի ուժերն ազատագրել են Մոսուլի պատմական մզկիթը, որտեղ հռչակվել էր ԻՊ-ի «խալիֆայությունը»
Իրաքի ուժերը հինգշաբթի ազատագրել են Մոսուլի ավերված պատմական մզկիթը, որտեղ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը երեք տարի առաջ հռչակել էր իր «խալիֆայությունը»: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Իրաքի զինված ուժերի հայտարարությունը:
850 տարվա Ան-Նուրի մզկիթի ազատագրումը խորհրդանշական հաղթանակ է Իրաքի ուժերի համար, որոնք ավելի քան ութ ամիս փորձում են ազատագրել Մոսուլը, որն Իրաքում «Իսլամական պետության» «մայրաքաղաքն» էր:
Մեկ շաբաթ առաջ հաղորդվել էր, որ զինյալները պայթեցրել են միջնադարյան մզկիթը և դրա մինարեթը, երբ ԱՄՆ-ի աջակցությամբ Իրաքի ուժերը գրոհ են սկսել դրա ուղղությամբ:
Նշվում է, որ 2014 թվականի հունիսից մզկիթի մինարեթի վրա ծածանվում էր ԻՊ-ի սև դրոշը:
«Նրանց կեղծ պետությունն ընկավ»,- պետական հեռուստատեսությամբ ասել է Իրաքի զինված ուժերի խոսնակ Յահյա Ռասուլը:
Իրաքի իշխանությունները հայտնել են, որ քաղաքի համար պայքարը կավարտվի առաջիկա օրերին. «Իսլամական պետության» գրոհայինները շարունակում են դիմադրել Հին քաղաքի մի քանի թաղամասերում:










