Արայիկ Խանդոյանին խոշտանգել են հենց դատարանի շենքում. պաշտպանը հաղորդում ներկայացրեց հանցագործության մասին

12:51 • 29.06.17

Հունիսի 28-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում խոշտանգման ենթարկված «Սասնա ծռերից» Արայիկ Խանդոյանի պաշտպանը հաղորդում ներկայացրեց հանցագործության մասին:

Այս մասին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Արայիկ Խանդոյանի պաշտպաններից Արայիկ Պապիկյանը:

«Դատախազությունը հասկանալի պատճառներով լռում է, ենթադրում եմ, որ իրենց մեջ գոնե համարձակություն կգտնեն, որ հայտարարեն, թե նյութեր են նախապատրաստում, գոնե դրա մասին կասեն: Հանցագործության մասին հաղորդում մենք պատրաստել ենք, սակայն որևէ մարմնի մենք գրավոր հաղորդում չենք ներկայացրել, դեռևս կորոշենք` կներկայացնենք, թե ոչ»,-ասաց պաշտպանը:

Հարցին, թե ինչով է դա պայմանավորված, Պապիկյանն ասաց, որ հանցագործության մասին հաղորդումներն ընդունվում են նաև լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա. «Մենք՝ պաշտպաններս, հաղորդում հանցագործության մասին կներկայացնենք, իսկ գրավոր ներկայացնելը պարտադիր չէ: Այնուհանդերձ, ես կներկայացնեմ նաև հաղորդում հանցագործության մասին հայտարարության տեքստը ԶԼՄ-ների միջոցով. «Հունիսի 28-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում Արայիկ Խանդոյանը ենթարկվել է խոշտանգման: Նրան խոշտանգել են ոստիկանի համազգեստը կրող բազմաթիվ էակներ: Նշված հանգամանքները իրավական պետության ներսում քննվում են օրենքում սահմանված կարգով և մեղավորները ենթարկվում են պատասխանատվության: Գլխավոր դատախազից և հատուկ քննչական ծառայությունից պահանջում ենք անհապաղ սկսել քննություն և ապահովել դրա կատարյալ թափանցիկությունը, փորձ չանեք որևէ մեկին մոլորեցնել և խաբել «նախաքննական գաղտնիք» եզրույթով»»:

Արայիկ Խանդոյանի պաշտպանը  նաև ուշադրություն հրավիրեց այն ամենի վրա, որ Արայիկ Խանդոյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը և Գագիկ Եղիազարյանը խոշտանգվել են դատարանի տարածքում. «Այսինքն, դա այն տարածքն է, որը գտնվում է դատավորի իրավասության սահմաններում, և դատավորը պարտավոր էր ապահովել նրանց անվտանգությունը: Մենք բոլորս ականատես ենք եղել, թե ինչպես են մեզ խուզարկում, նվաստացնում՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Այսինքն, եթե դատավորը, կարգադրիչը և ոստիկանը մեր անվտանգության մասին մտածում է, պիտի մտածի նաև անազատության մեջ գտնվող մարդու մասին»:

Պապիկյանի խոսքով՝ դատավորը ի տարբերություն երեկվա դեպքերի, ստանում էր զեկուցագրեր և կիրառում սանկցիաներ,սակայն այն պահին, երբ դատավոր Արտուշ Գաբրիելյանը եկել է նիստի, այդ ժամանակ արդեն ամբաստանյալները խոշտանգված են եղել, բայց նա զեկուցագիր չի ստացել. «Նա պետք է ինքնաբացարկ հայտնի, որովհետև ինքը չի կարողացել ապահովել նրանց անվտանգությունը»: