Հողային ռեսուրսները սահմանափակ են և պետք է օգտագործվեն արդյունավետ. Ռ. Մակարյանը՝ չմշակվող հողերի օտարման մասին

16:34 • 29.06.17

Քանի որ մեր հողային ռեսուրսները սահմանափակ են, պետք է օգտագործվեն արդյունավետ, նպատակային, շռայլ չպետք է լինենք այս հարցում: Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն «Ազատություն» ռադիոկայանի եթերում այսպիսի տեսակետ է հայտնել ՀՀ քաղաքացիությունից հրաժարվողների գյուղատնտեսական նշանակության հողերի օտարման մասին:

«Հողը հանրային սեփականություն է, բայց 91թ., երբ սեփականաշնորհվեց, բազմաթիվ սեփականատերեր հողերի մի մասն օգտագործեցին, մյուս մասն ընդհանրապես չի օգտագործում կամ երկար տարիներ չի օգտագործում»,-ասել է փոխնախարարը:

Նա հիշեցրել է, որ կա վարչապետի համապատասխան հանձնարարականը՝ աշխատանքներ տանելու, մեխանիզմներ մշակելու՝ հողերի օգտագործման մակարդակը բարձրացնելու համար:

«Մասնագետները և իրավաբանները մշակում են այս ծրագիրը, դեռևս հայտարարություններ չանենք, որովհետև պետք է նաև մարդու, մասնավորի իրավունքը հաշվի առնենք։ Բազմաթիվ խնդիրներ կան իրավաբանական, որպեսզի կարողանանք առանց խնդիրների իրավիճակը հասցնել ավարտին»,-նշել է Ռոբերտ Մակարյանը:

Նա տեղեկացրել է, որ բազմաթիվ մեխանիզմներ են քննարկվում, որոնցից կընտրվի ամենանպատակայինը: