Տոմսկում անցորդները կոտրել են Lexus-ի ապակին՝ շոգից փրկելով ավտոմեքենայում մնացած երեխային (տեսանյութ)

15:58 • 29.06.17

ՌԴ Տոմսկ քաղաքում անցորդները կոտրել են առևտրի կենտրոններից մեկի մոտ կայանված Lexus ավտոմեքենայի ապակին, որպեսզի դուրս հանեն փոխադրամիջոցի ներսում առանց վերահսկողության թողած երեխային: Այս մասին հայտնում է Interfax-ը: Միջադեպի տեսագրությունը հրապարակվել է Տոմսկի ոստիկանության YouTube-ալիքում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 6-ին: Տղամարդը սուպերմարկետի կայանատեղում կայանել է Lexus մակնիշի ավտոմեքենան՝ ներսում թողնելով 11 ամսական որդուն: Շոգի պատճառով անցորդներն անհանգստացել են տղայի կյանքի և առողջության համար, սակայն չեն կարողացել գտնել նրա հորը. նրանք կոտրել են ավտոմեքենայի ապակին և դուրս հանել երեխային:

«Երեխային փրկելու համար ապակին կոտրած անցորդների գործողություններն ամբողջությամբ օրինական են: Ոչ մի կոտրած ապակի չի համեմատվի երեխայի կյանքի հետ», - ասել է Տոմսկի մարզի դատախազության պետ Անդրեյ Վյատկինը:

Ավտոմեքենայի մոտ վերադառնալուն պես տղամարդն ագրեսիվ պահվածք է ցուցաբերել. նա որդուն նետել է դիմացի նստատեղի վրա և հեռացել: Դատախազի խոսքով՝ նման պահվածքը զարմանք է առաջացնում:

Նշվում է, որ հարուցվել է քրեական գործ՝ «Վտանգի մեջ թողնելու» հոդվածով: Գործի քննությունը վարում է Քննչական կոմիտեի շրջանային գլխավոր վարչությունը: