Կառավարության նիստին ՀՀ նախագահի խոսքով ավարտվեց ընտրությունների, սպասումների, քաղաքական ստագնացիայի փուլը. Ա. Ղազարյան

22:18 • 30.06.17

Երեկ կառավարության նիստին ՀՀ նախագահի խոսքով ավարտվեց ընտրությունների, սպասումների, քաղաքական ստագնացիայի այն փուլը, երբ հանրությունը հիմնականում, իշխանություն է ձևավորվում, և ներդրողներն էլ՝ սպասում են, որպեսզի ակտիվանան: 

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարեց Հայաստանի արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

Պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է իրատեսական այդ ցուցանիշը՝ նա նշեց, որ միայն  5-7-9 և ավելի տոկոսանոց տնտեսական աճով կարելի է հավակնել տարածաշրջանում մրցունակ տնտեսության:

«Ես շատ ուրախ եմ, որ Նախագահը պահանջում է 5 տոկոսանոց տնտեսական աճ, և ընթացքում պետք է ձգտել հասնել 7-9-10 տոկոսի, որովհետև եթե մենք չունենք բարձր ՀՆԱ-ի աճ, ապա մենք կենսամակարդակի վրա ազդեցություն չենք ունենում, չենք կարողանում հաղթահարել աղքատության շեմը»,-ասաց Արսեն Ղազարյանը՝ նշելով, որ 5-ից ցածր ցուցանիշները ուղղակի ստիպում են իրավիճակն այնպես պահել, ինչպես կա:

Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի բացմանը նշել էր տարեկան 5 տոկոս տնտեսական աճ ապահովելու մասին: Մինչև Նախագահի հայտարարությունը կառավարությունը նախատեսել էր 3.2 տոկոս տնտեսական աճ, Իսկ Համաշխարհային բանկի զեկույցն ավելի քիչ տնտեսական աճ է խոստանում՝  2.7 տոկոս:

Հավելենք, որ այդ թիվը նշված է նաև կառավարության հնգամյա ծրագրում, որն օրերս ընդունվեց ԱԺ-ի կողմից:

Արսեն Ղազարյանը հավելեց, որ թեև առաջին հայացքից այնքան էլ իրատեսական չի թվում, բայց մենք պետք է ձգտենք՝ Հայաստան բերելով դրսի խոշոր ներդրումներ, դրա համար բարելավելով հարկային դաշտը:

Ըստ Արսեն Ղազարյանի՝ խիստ կարիք կա նաև հավասար մրցակցության աստիճանը բարձրացնելու, քանի որ այն մեր տնտեսության աքիլլեսյան գարշապարն է:

Այս առումով, նա մեծ հույսեր ունի ինչպես Հայաստանի ներդրողների ակումբի, այնպես էլ տնտեսական ռազմավարության կենտրոնի հետ:

Ինչ վերաբերում է հարցին, թե կառավարության թիրախը՝  մինչև 2040 թվականը ձգտել ապահովել միջինը 5 տոկոս տնտեսական աճ, արդյոք չի՞ հիշեցնում սովետական  «պյատիլետկաները», չէ, որ ՀՀ-ից դուրս համաշխարհային գլոբալ գործընթացները մեր ոչ կանխատեսման, ոչ վերահսկողության ներքո կարող են ընթանալ, և հետևաբար, ինչ պլանավորում,  ապա ՀԱՄ նախագահն ասաց.« Պլանային տնտեսության մեջ շատ դրական բաներ կային, որոնցից հենց մեկը հեռահար պլանավորումն էր:  Եթե մենք  չենք դիտարկում մեր հասարակության, տնտեսության զարգացումները 20-30 տարի,  այլ գնում ենք պրագմատիկ 1-2 տարով, չենք կարող նորմալ զարգացման հիմքեր ստեղել: Շատ ճիշտ է, որ մենք  հեռահար նշաձողեր ենք վերցնում»:

Մեզանից արդեն աշնանը, ըստ Արսեն Ղազարյանի, կպահանջվի ցույց տալ տնտեսական ցուցանիշներ:

Արսեն Ղազարյանը, ըստ էության չպատասխանեց հարցին, թե ով է լինելու վարչապետ 2018 թվականից հետո, նշելով, որ ուշադիր մարդը կհասկանար, որ երեկ Սերժ Սարգսյանը իր վստահության քվեն տվեց Կարեն Կարապետյանին և նրա կաբինետին:

«Այո, բայց 2018 թվականից հետոյի մասին ոչինչ չասաց»,-«Ազատություն» ռադիոկայանի մեկնաբանի այս դիտարկմանն  էլ  ասաց. «Գիտեք՝ մենք բոլորս ձգտում ենք կառուցել ժողովրդավարական երկիր, բայց ակամայից  բոլորս՝  քաղաքական իշխող ուժ, այլ ուժեր, մամուլ, անհատների մասին ենք խոսում: Ավելի կարևոր է, որ մենք ունենանք համակարգային ճիշտ լուծումներ, օրենսդրություն, խաղի քաղաքականություն, որը շարունակվելու է անկախ անձից ով է լինելու կոնկրետ կառավարության գլուխը այս կամ այն էտապում: Պրոցեսներն են կարևոր»: