Փողոցում ապօրինի ծիրան վաճառող կնոջ արկղերին թաղապետարանի աշխատակիցը չի հարվածել, կինն է քաշել նրա ձեռքից. քաղաքապետարան
Երեկ սոցիալական ցանցերում տարածվեց տեսանյութ և տեղեկատվություն, համաձայն որի՝ Երևանի Մաշտոցի պողոտայի և Խորենացու փողոցի խաչմերուկի մոտակայքում քաղաքացիական ու ոստիկանական հագուստով անձանց և փողոցում մրգի վաճառքով զբաղվող մի կնոջ միջև տեղի է ունեցել միջադեպ։
Պարզելու համար, թե ովքեր էին քաղաքացիական հագուստով անձինք,ինչ միջոցառում էր իրականացվում,արդյոք պարզվել կամ քաղաքապետարանի կողմից ուսումնասիրվել է միջադեպն ու հայտնի տեսանյութը,Tert.am-ը զրուցեց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանի հետ։
- Պարոն Գևորգյան, ինչ միջոցառում էր իրականացվում Մաշտոցի պողոտայի և Խորենացի փողոցի խաչմերուկում,որտեղ մի քաղաքացի ծիրան էր վաճառում։
- Նախ ասեմ,որ փողոցում կատարվող առևտուրն ապօրինի է,օրենքով արգելվում է։ Նշված հատվածի բնակիչները բազմաթիվ անգամ ահազանգել և հայտնել են,որ փողոցը կարգի բերվի։ Պարբերաբար, յուրաքանչյուր շաբաթ իրականացվում են շրջայցեր և այդ ապօրինությունները վերացվում են։ Բացօթյա ապօրինի առևտուրն արգելված է։
-Կոնկրետ տվյալ դեպքով ո՞ւմ կողմից էր իրականացվում փողոցները կարգի բերելու աշխատանքը, ովքե՞ր էին քաղաքացիական հագուստով անձինք և ո՞վ էր թափել ծիրանը, որովհետև սոցիալական ցանցերում քննարկվում է, որ քաղաքացիական հագուստով անձը ոտքով հարվածել և թափել է ծիրանը։
- Նման միջոցառումներն իրականացվում է վարչական շրջանների աշխատակիցների կողմից, տվյալ դեպքում այն իրականացվել է Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցների կողմից։ Տեսանյութն ուսումնասիրվել է,և Կենտրոնի թաղապետարանի աշխատակիցը ծիրանը չի թափել, դա պրովոկացիոն քայլ է, որին այդ կինը դիմում է արդեն մի քանի անգամ։ Քանի որ ապօրինություն է կատարվել, պետք է դա վերացնել և կազմել վարչական ակտ։ Քաղաքապետարանի աշխատակիցը ոչ թե ոտքով հարվածել և արկղի ծիրանը թափել է, այլ փորձել է վերացնել ապօրինությունը։ Քանի որ նման ապօրինի առևտրով զբաղվող մարդիկ սովորաբար ասում են,որ անձը հաստատող փաստաթուղթ չունեն, թաղապետարանի աշխատակիցը փորձել է քաղաքացուն և ապրանքը տեղափոխել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի շենք, որպեսզի քաղաքացին ներկայացնի անձնագիր և կազմվի արձանագրություն։ Այդ ընթացքում այդ կինը քաշել է նրա ձեռքից, ինչի հետևանքով էլ արկղը շուռ է եկել և ծիրանը թափվել է։ Նման դեպքերում օրենքով սահմանված կարգով արձանագրություն է կազմվում։
Այնպես որ, Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցները որևէ ապօրինություն չեն կատարել ի տարբերություն այդ կնոջ։ Ի՞նչ է նշանակում հարվածել, շուռ են տվել։ Մենք ուսումնասիրել ենք տեսանյութը,որևէ մեկը ոտքով չի հարվածել, նման բան չկա, պարզապես վերացվել է ապօրինությունը։
-Պարոն Գևորգյան,այդ դեպքում որտե՞ղ քաղաքացիները մի քանի կիլոգրամ միրգ վաճառեն, բավարարո՞ւմ են նախատեսված վայրերը։
-Այդ նույն տարածքից, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, ընդամենը 20-25 մետր հեռավորության վրա շուկա կա,սակայն այդ քաղաքացին հրաժարվում է այնտեղ գնալ։ Բացի այդ, երբ Երևանի քաղաքապետարանը քայլեր նախաձեռնեց փողոցում ապօրինի առևտուրն արգելելու համար, յուրաքանչյուր վարչական շրջանի հատկացվեց փոքր տարածքներ նմանատիպ առևտուր իրականացնելու համար։ Երևանի փողոցները միայն անցորդների համար են և այդ հարցում վերջին տարիների ընթացքում առաջընթաց գրանցվել է։
- Փողոցում ապօրինի առևտուր իրականացող քաղաքացիներին նկատմամբ օրենքով ի՞նչ է սահմանված։
-Դա ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ հոդվածով նախատեսված արարք է, նախատեսվում է վարչական տույժ։ Վարչական շրջանի աշխատակիցների արարքում ապօրինություն չկա, կատարվել է օրենքի պահանջը, որը պարտավոր ենք հարգել բոլորս։ Դա բխում է նաև քաղաքացու և բոլորիս շահերից։










